Շևչենկոյի անվան դպրոցում ԿԳՆ-ին մեղադրում են հովանավորչության մեջ

Շևչենկոյի անվան դպրոցում ԿԳՆ-ին մեղադրում են հովանավորչության մեջ

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տ.Գ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում նախընտրական լարվածությունը հասել է գագաթնակետին և չի զիջում նախագահական ընտրություններից առաջ շիկացող կրքերին։ Դպրոցում նոյեմբերի 1-ին պետք է կայանան տնօրենի ընտրություններ։ Նախկին տնօրենը անցել է թոշակի, իսկ օգոստոսի 5-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Էլեոնորա Թումանյանը, որը նաև առաջիկա ընտրությունների 2 թեկնածուներից մեկն է։ «Ունեմ 27 տարվա մանկավարժական ստաժ, իմ հայեցակարգը, դպրոցի զարգացման ծրագիրը։

Դպրոցն իրոք կարիք ունի աջակցության ու զարգացման»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց տիկին Թումանյանը։ Նա նշեց, որ «սա բնական է, թեև այդքան էլ բնական չէ, սակայն նորմալ է», որ եթե մի տեղ կա ընտրություն և մեկից ավելի թեկնածու, մի կողմին ձեռնտու է կրքերը թեժացնել և լարվածություն ստեղծել։

Տնօրենի թափուր պաշտոնի մյուս հավակնորդը դպրոցի փոխտնօրեն Լիանա Ավագյանն է, որը պնդում է՝ Էլեոնորա Թումանյանը տնօրենի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ հավաստագիրը ստացել է օրենքի խախտումով, չունի բավարար ստաժ, պատշաճ կերպով չի անցել պահանջվող ընթացակարգերը և քննությունն էլ հանձնել է սահմանված ժամկետից շուտ. «Ես էլ եմ ստացել այդ հավաստագիրը, և այդ ամբողջ ընթացակարգը տևում է մոտ 2 ամիս։ Այն խումբը, որտեղ որ մասնակցում էր տիկին Թումանյանը, այն մարդիկ էին, որոնք կտրվել էին, և իրավունք էին ստացել վերհանձնել քննությունները։ Էլեոնորա Պավլովնան չգիտեմ ինչպես ընկավ այդ խմբի հետ։ Նրանց քննությունները պետք է սկսվեին հոկտեմբերի 26-ից, իսկ նա քննությունը հանձնել է 21-ին և արդեն երեկ ստացել է հավաստագիրը»։

Տիկին Էլեոնորան այս մեղադրանիքն պատասխանեց՝ օրենքը չի խախտվել, և հավելեց. «Սեպտեմբերի 20-ին մեկնարկել է 1 ամիս տևողությամբ դասընթացները, որին մասնակցել եմ։ Ինչ վերաբերում է քննությունների օրվա որոշմանը, դա պետք է լիներ հոկտեմբերի 21-29-ը ընկած ժամանակահատվածում։ Ես հանձնել եմ 21-ին, որովհետև այդ օրն է ինձ հարմար եղել։

Այդ օրը շատ թեկնածուներ են քննություն հանձնել՝ ողջ հանրապետությունից, մեկը կտրված էր, մյուսն՝ առաջին անգամ էր հանձնում»։

Դպրոցի մյուս փոխտնօրենը՝ Աիդա Շահվերդյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մտավախությունը կառավարման խորհրդի կազմն է ու նրա անդամների օբյեկտիվությունը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ուսուցչական ու ծնողական կոլեկտիվներից 2-ական, քաղաքապետարանից 1 և կրթության և գիտության նախարարությունից 3 ներկայացուցիչներ. «Նախարարության ու քաղաքապետարանի ներկայացուցիչները իրենց նշանակած թեկնածուին կպաշտպանեն (նկատի ունի Էլեոնորա Թումանյանին, քանի որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել է հենց ԿԳՆ կողմից)։

Ծնողները լավագույն դեպքում չեզոք դիրք կգրավեն, քանի որ վախենում են իրենց երեխաների համար։ Իսկ 2 ուսուցիչը ոչինչ փոխել չեն կարող։ Այս ֆարսը էլ ո՞ւմ է պետք։ Ստացվում է՝ ով մեջք ունի, նա էլ առաջ կգնա»։

Էլեոնորա Պավլովնան սա անվանեց ավելորդ կասկածներ ու որակումներ. «Պետք չէ այն մարդկանց, որ պետք է գան ու ձայն տան նախորոք մեղադրել։ Դա կորեկտ չի։ Բոլոր դպրոցներում էլ ընտրությունների նույն կարգն է։ Ես լրջորեն պատրաստվում եմ, մշակում եմ դպրոցի զարգացման ծրագիրը, պատրաստվում եմ պատասխանել նախարարության կողմից մշակված 100 հարցերին։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ես ինչում եմ մեղավոր։ Ես գիտեմ մի բան՝ պետք է գամ, ներկայացնեմ ծրագիրը և պատասխանեմ հարցերին»։

Թիվ 42 դպրոցի փոխտնօրենները միաձայն նշում են, որ անձամբ Էլեոնորա Թումանյանի դեմ ոչինչ չունեն, սակայն կարծում են, որ պետք է տնօրենի պաշտոնում ընտրվի այն մարդը, ով այդ դպրոցում աշխատելու բազմամյա փորձ ունի՝ Լիանա Ավագյանը։ Իսկ Էլեոնորա Թումանյանը նշում է, որ ուզում է գալ ու վերափոխել դպրոցը, վերականգնել քարուքանդ վիճակը։

PanARMENIAN.Net ի թղթակիցը շրջել է դպրոցում, անձամբ տեսել՝ ինչ ավերակներում են երեխաները սովորում, քարուքանդ պատերն ու առանց ապակիների պատուհանները, որոնք կարող են ամեն վայրկյան փլվել ու վնասել երեխաներին։ Դպրոցում մինչ օրս անգամ ջեռուցում չկա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---