Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը հայ արտադրողների և ներկրողների համար նոր պայմաններ կստեղծի ծխախոտի շուկայում

PanARMENIAN.Net - «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը ողջունում է ծխախոտի ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ ներկրողների համար գործունեության հավասար պայմանների ստեղծման` հայկական իշխանությունների ջանքերը: Այդ մասին լրագրողներին «Ֆիլիպ Մորիս Իժորա» ՓԲԸ (ՌԴ Լենինգրադյան երկրամաս) գործարանում մամլո տուրի շրջանակում հաղորդել է «Ֆիլիպ Մորիս Արմենիայի» կորպորատիվ կապերի պատասխանատու Ահարոն Թադևոսյանը: Դեռևս 2010 թվականին Հայաստանում ընդունվել է օրենք, որի համաձայն երկրի կառավարությունը տեղական արտադրողների և ներկրողների համար հարկային դրույքաչափերի աստիճանական հավասարեցման է գնում, այդ գործընթացը կավարտվի 2014-ին: «Քառամյա հարկային պլանը բիզնեսին երկարաժամկետ կանխատեսելիություն կապահովի, իսկ պետբյուջեի համար` եկամուտներ»,- ընդգծել է նա:

Հարկ է նշել, որ փոխվում է նաև ծխախոտային արտադրանքի ոլորտի հարկման ողջ կառուցվածքը, մասնավորապես` նախատեսվում է ծխախոտի արտադրությունը ֆիքսված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` գործող ֆիքսված վճարներից առանձնացնելով ավելացված արժեքը, մաքսային վճարներն ու ակցիզային հարկը, վերջինիս մասով սահմանել միասնական դրույքաչափ երկրում արտադրվող և ներկրվող ծխախոտի համար:

Այս համատեքստում ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ այդ քայլերը Հայաստանին, որը 2003-ից ԱՀԿ անդամ է, թույլ կտան մի կողմից կատարել իր պարտավորություններն այդ միջազգային կազմակերպության առջև, մյուս կողմից` հավասար մրցակցային պայմաններ կստեղծի այդ շուկայում` ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ ներկրողների համար, «ինչը լիովին ողջունվում է մեր կողմից»: Բացի դրանից, արդեն 2014 թվականին Հայաստանի միացումը ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին լիովին կաշխատի, ինչը նույնպես իր հերթին հավասարեցնում է խաղացողների պայմանները, առավել ևս, որ երկրում արտադրողների հանդեպ բավական խիստ տեխնիկական պահանջներ են գործում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---