2011 թվականի տասը ամսում շնորհվել է 259 գիտական կոչում

2011 թվականի տասը ամսում շնորհվել է 259 գիտական կոչում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին ներկայացրել է ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշել է, որ 2011-ին տեղի է ունեցել մասնագիտական խորհուրդների խոշորացում:

Ամենակարևոր ձեռքբերումը ԲՈՀ-ի նախագահի դիտարկմամբ մասնագիտական խորհուրդների ինտերնետային կայքերի ստեղծումն է եղել, որտեղ զետեղվում են պաշտպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ատենախոսության սեղմագրերը, որով ապահովվում է լիարժեք հրապարակայնություն: 2011 թվականի տասը ամիսներին շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում` 51 պրոֆեսորի և 208 դոցենտի: Նույն ժամանակահատվածում համապատասխանեցում է կատարվել օտարերկրյա պետություններում գիտական աստիճան ստացած 17 քաղաքացիների, որոնցից 15-ը՝ ՌԴ-ից, մեկը`՝ Շվեդիայից ևս մեկը՝ Լեհաստանից: Արտերկրում պաշտպանածների ցուցանիշը այս տարի նվազել է ` 2010 –ին այդ ցուցանիշը 26 է եղել:

Ղուկասյանը տեղեկացրել է , որ ԲՈՀ-ի կողմից 39 աշխատանք բեկանվել է և ուղարկվել կրկնակի քննարկման: Անդրադառնալով գիտական հոդվածների հրապարակման խնդրին` բանախոսը տեղեկացրել է , որ 2012 թվականի հունվարից ԲՈՀ-ը կկիրառի գիտական հրատարակություններին ներկայացվող նոր` խիստ և հստակ պահանջներ:

«Գիտական պարբերականները այսուհետ պետք է հրատարակվեն միայն գիտական կենտրոնների և կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ և երեշխավորությամբ: Սա կարևոր սահմանափակում է: Համոզված եմ, որ դրա արդյունքում գիտական պարբերականների թիվը որոշակիորեն կնվազի»,- նշել է Ղուկասյանը և հավելել, որ պարբերականի խմագրական խորհրդում պետք է ներառված լինեն գիտական կոչում ունեցող գիտնականներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---