Շևչենկոյի անվան դպրոցի աշակերտները ձմռանը «կվերադառնան» 1990-ականների սկիզբը

Շևչենկոյի անվան դպրոցի աշակերտները ձմռանը «կվերադառնան» 1990-ականների սկիզբը

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի 5/2 հասցեում գտնվող Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը գտնվում է ծայրախեղ վատ վիճակում՝ կեղտոտ ու խարխուլ պատուհաններով, քանդված մանրահատակով, փլվող պատերով։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն չի վերանորոգվել։ Պետությունը դրա համար գումար չի հատկացրել, իսկ հովանավորներ չկան։

Այս ամենը հասկանալի է, պետության համար դժվար տարիներ էին... բայց եթե դպրոցի ղեկավարությունը լիներ մի փոքր սրտացավ, գոնե եղածը կպահպանեին։ Փոքրիկ ճաքը կարելի էր լցոնել, և ամբողջ պատը չէր փլվի։ Այս 20 տարիների ընթացքում անգամ տարրական սանիտարական նորմերը չեն պահպանվել։ Պատերին հսկայական սարդեր են, որոնց վերացնելու համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն։ Կամ բուֆետի համար կարելի էր մեկ այլ մուտք բացել, որ երեխաները ստիպված չլինեին անցնել նախկին զուգարանի տարածքով։

Պետբյուջեից դպրոցը տարեկան ֆինանսավորվում է մոտ 56 միլիոն դրամի չափով։ Դրա մեջ մտնում են էլեկտրաէներգիայի և մնացյալ կոմունալ վճարները, աշխատավարձերը, սոցվճարումները և այլն։ Սակայն մի՞թե հնարավոր չէր որոշ մաս էլ հատկացնել վերանորոգմանը և տարեկան գոնե մի պատ ներկել։

Դպրոցը ոչ միայն նորոգված չէ, այլև չունի ջեռուցում։ «Պետք է տաքացնենք, ինչպես որ 90-ականներին։ Պետք է նախ կոտրված ապակիները նորով փոխարինենք, ցելոֆանոպատենք, սովորական տաքացուցիչներ, սալիկներ... բացի այն, որ պահանջվող ջերմաստիճանին չենք հասնում, զուգահեռ մեկ այլ մեծ խնդիր ունենք՝ էլեկտրաէներգիայի ծախսը։ Դպրոցը ինչպե՞ս պետք է դրա տակից դուրս գա...»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանը։

Հուրախություն ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, արդեն գարնանը 2012 թվականի պետբյուջեի հաշվին կսկսվեն դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ «Գորշ պատերի ներսում էլ, իհարկե, կարելի է աշխատել, դաստիարակել, կրթել, սակայն այսօր ժամանակի հրամայականն է ունենալ համակարգիչներ, հիմնանորոգված, բարվոք պայմաններ, լաբորատորիաներ, կինոդահլիճ, նորմալ մարզասրահ ու բուֆետ»,- ասաց Էլեոնորա Թումանյանը։

Թե որքան գումար է հատկացվելու, դեռևս պարզ չէ, քանի որ նախահաշիվ առայժմ չի կազմվել։ Աշխատանքները կավարտվեն մեկ ուսումնական տարվա ընթացքում կամ 8-9 ամսում։ «Դպրոցի տարածքը մեծ է, գործը՝ շատ։ Խոսքը չի գնում միայն շինարարական կոսմետիկ աշխատանքների մասին։ Պետք է այնպես ձևափոխել, նախագծել, որ դպրոցը համապատասխանի ժամանակակից պահանջներին»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ կրթության գերխնդիրը նրա որակի բարելավումն ու բարձրացումն է, որի համար բացի բարվոք դպրոցից անհրաժեշտ է նաև անընդհատ գիտելիքներով զինվող ու վերապատրաստվող ուսուցչական կոլեկտիվ. «Պետք է փնտրել, գտնել անվճար վերապատրաստման դասընթացներ, որ ուսուցիչները մասնակցեն, կատարելագործվեն»։

Վաղը Շևչենկոյի անվան դպրոցում պետք է կայանան տնօրենի ընտրություններ և այս ամենի ֆոնին որոշ ուսուցիչներ ու ծնողներ, ովքեր թաքնվում են կեղծանունների տակ, ընտրություններին ընդառաջ սկանդալներ են հրահրում՝ ենթադրյալ առողջ մրցակցության փոխարեն ստեղծելով լարված մթնոլորտ, մեղադրելով ԿԳՆ-ին հովանավորչության մեջ, իսկ ընտրող հանձնաժողովին՝ կողմնապահության։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---