Թուրքիան ոչ մի կերպ չի հանգստանում. Անկարան մտադիր է Հայաստանի ԱԷԿ-ի փակման պահանջով դիմել ՄԱԳԱՏԷ

Թուրքիան ոչ մի կերպ չի հանգստանում. Անկարան մտադիր է Հայաստանի ԱԷԿ-ի փակման պահանջով դիմել ՄԱԳԱՏԷ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մասին պահանջ ուղղել ՄԱԳԱՏԷ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: Անհանգստության առիթ է ծառայել թուրքական Վան գավառում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ընդգծել է նախարարը: Նա հիշեցրել է, որ այդ ողբերգությունն ավելի քան 500 մարդու կյանք է խլել: Նրա խոսքով` երկրաշարժից հետո տարածաշրջանում ճառագայթման մակարդակը չի բարձրացել:

Հայաստանի Էներգետիկայի նախարարությունում նշում են, որ ատոմակայանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա:

Հոկտեմբերի վերջին Հայաստանի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը հատուկ մամլո ասուլիսում հաղորդեց, որ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի սեյսմակայունությունը գերազանցում է ինը բալը: «Նախագծի համաձայն, ԱԷԿ-ը հաշվարկված է 9-բալանոց երկրաշարժի համար, բայց իրականում անվտանգության պահուստային մակարդակն ավելի բարձր է»,- ասաց Վարդանյանը: Նա հավելեց, որ կայանի ռեակտորը կարող է 3,5 մթնոլորտ ճնշման դիմանալ: «Դա բարձր ցուցանիշ է»,- ընդգծեց գլխավոր ինժեները:

Նա պարզաբանեց նաև, որ կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը անդրադարձավ նաև հարևան Հայաստանի տարածքի վրա, Հայաստանի ԱԷԿ-ում գրեթե չի զգացվել: Հատուկ սարքերը միայն 2-3 բալանոց ցնցումներ են արձանագրել: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱԷԿ-ի համար հարթակը շատ հաջող է ընտրված»,- ասաց Վարդանյանը: Նա նշեց, որ հարթակը բազալտե պլաստ է, որը գտնվում է արտեզյան ջրերի վրա: Ինքնին արտեզյան ջրերը լրացուցիչ առավելություններ են տալիս սեյսմակայունության տեսակետից, ասաց նա: «Սթրես-թեստերի շրջանակում ԱԷԿ-ի անվտանգության կրկնակի գնահատումը ցույց է տալիս, որ բլոկը հուսալի է»,- ճշեց ԱԷԿ-ի աշխատակիցը:

Մինչ այդ վրաց «կանաչները» հանդես էին եկել մտավախություններով, թե վերջերս հաճախացած երկրաշարժերը կարող են ազդել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքի վրա:

Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանում կառուցվել է 1970-ին: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվեց: 1995-ին, չնայած փորձագետների բողոքներին, կայանի գործունեությունը վերսկսվեց: Բացի դրանից, գործարկվեց նաև երկրորդ ռեակտորը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---