Լավագույն ուսուցիչներին պարգևատրել են Էջմիածնում

PanARMENIAN.Net - Էջմիածին քաղաքի հայորդաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2011 թվականի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին: Հանդիսությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության համագործակցությունը. «Հայ առաքելական եկեղեցին կրթության և գիտության նախարարության կարևոր գործընկերներից է: Հայ առաքելական եկեղեցու և հայ մանկավարժի համագործակցությունը ձևավորվել է պատմականորեն: Պետականության բացակայության ժամանակ հայ եկեղեցին մշտապես ստանձնել է կրթության կազմակերպման գործն ու արժանապատվորեն կրել այդ բեռը: Այժմ, պետականության վերականգնումից հետո, ավանդույթները շարունակելու, բարոյական նորմերով և սահմանադրությամբ ամրագրված հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու խնդիր և պարտավորվածություն ունենք»:

Աշոտյանը նշել է նաև, որ մրցույթի հիմնական նպատակը լավագույն ուսուցիչներին մեծարելն ու խրախուսելն է: Տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևները հանձնել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են 50 ուսուցիչներ: Առարկայական հանձանաժողովների որոշմամբ շնորհվել է 3 առաջին կարգի, 9 երկրորդ կարգի և 15 երրորդ կարգի մրցանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---