Զազա երաժիշտները Երևանում կկատարեն հայերեն երգեր

Զազա երաժիշտները Երևանում կկատարեն հայերեն երգեր

PanARMENIAN.Net - Զազա երաժիշտ Միքայել Ասլանի երաժշտախումբը երկուշաբթի` նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համեգասրահում ելույթ կունենա «Ակունք» անսամբլի հետ: Նրանք 2010թ-ին թողարկել են համատեղ «Փեթակ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են Դերսիմի հայկական երգեր: Համերգին հնչելու են «Փեթակ»-ի երգերից:

«Հայաստան առաջին անգամ եկել եմ 2000թ-ին, այցելել եմ Ցեղասպանության թանգարան և հուշարձան: Երբ սկսեցի զբաղվել երաժշտությամբ, հետաքրքրություն առաջացավ Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանը: Ասլանը, ով ունի հայկական ծագում, զբաղվում է հայկական երգերի ուսումնասիրությամբ: Նա պատմեց, որ ուսումնասիրել է բազմաթիվ աղբյուրներ, երգարաններ և այլն: «4 տարի հայկական երաժշտությունը ուսումնասիրելով ավելի խորացա, և «Փեթակ»-ը ձայնագրելուց հետո հասկացա, որ գտել եմ իմ մի մասը», հավելեց Ասլանը:

Երևանյան համերգը կոչվելու է «Արարատից երկու կողմ»: Համերգին մասանկցելու են նաև Լեյլա Սարիբեկյանն ու Դավիթ Ամալյանը:

«Ակունք» անսամբլի հետ (ղեկավար Սարգիս Ալավերդյան) Ասլանը ծանոթացել է 2009 թ-ին Դերսիմում, որտեղ մասնակցում էի ազգագրական երգերի փառատոնին: 2010 թ-ին նրանք ունեցել են համատեղ համերգ Երևանում:

Զազաները հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող էթնիկ հանրություն են, ում արմատները ծագում են Հյուսիսային Իրանից: Պատմագրության մեջ նրանք հիշատակվում են արդեն 2 դ-ում: Հայկական աղբյուրներում զազաներին անվանում են պատմական անունով` թմլի: Այսօր նրանք ապրում են մեծամասամբ Թուրքիայի Դերսիմ քաղաքում: Զազաների երգարվեստի մշակմամբ զբաղվել է նաև Կոմիտասը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---