16 նոյեմբերի 2011 - 10:02 AMT
Քեթրին Էշթոն. ԵՄ-ին մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջխաղացման բացակայությունը

Եվրամիությունն ուզում է ավելի ակտիվ և արդյունավետ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության մասնակիցների առնչությամբ միջնորդական առաքելության մանդատ ունի: Մենք պետք է որոշենք, թե ինչպիսի միջոցներ կարող են աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ-ին, հակամարտության կողմերի միջև վստահության բարձրացմանը»,- ասել է նա: Նրա խոսքով` հակամարտության կարգավորումն օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերին, այլև Եվրամիությանը: «Ուստի մեզ մտահոգում է լարվածության ուժեղացումն ու իրադրության սրումը: Մենք պետք է որոշենք, թե ինչպես կարելի կլինի փոխել այդ միտումների ուղղությունը»,- նշել է Էշթոնը:

«Մեզ մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջխաղացման բացակայությունը: Մենք ուզում ենք ավելի ակտիվ և արդյունավետ դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ: Դրանով մենք ավելի լիարժեք կաջակցենք ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: Այդ հարցով զբաղվում է Ֆիլիպ Լեֆորտը, որին մենք ԵՄ հատուկ ներկայացուցիչ ենք նշանակել»,- ասել է Էշթոնը: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հսկայական պոտենցիալ կստեղծի ողջ տարածաշրջանի զարգացման և համագործակցության համար: «ԵՄ համար հիմնական արժեքը հակամարտության կարգավորումն ու խաղաղության ձեռքբերումն է: Մենք համոզված ենք, որ այդ արժեքները խթան կհանդիսանան Հարավային Կովկասում փոփոխությունների համար»,- նշել է Քեթրին Էշթոնը, հաղորդում է ԱՊԱ-ն: