Ղարաբաղում շուտով նոր ուրվական-քաղաք կհայտնվի

Ղարաբաղում շուտով նոր ուրվական-քաղաք կհայտնվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանահայ փախստականների հարցը արդեն 23 տարի է չի լուծվում: Այս լուրջ հումանիտար խնդիրը իրավաբան Անդրիաս Ղուկասյանի կարծիքով լիարժեքորեն չի արտահայտվում և ներառված չէ ոչ մադրիդյան սկզբունքներում, ոչ էլ մինչ այդ միջազգային հանրության կողմից առաջադրված որևէ այլ նախագծի մեջ:

Եվ Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի նախագահությունն ու փախստականների միությունը որոշել է Քաշաթաղի շրջանում 100.000 բնակչի համար կառուցել նոր քաղաք` Բագարան անունով: Նրանք պլանավորում են 5 տարվա ընթացքում ներդնել 3.5 միլիարդ դոլար, կառուցել զարգացած ինֆրոստրուկտուրայով, 20 000 աշխատատեղով քաղաք և հույս ունեն, որ այս 23 տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում զրոյից սկսած ու արդեն զգալի արդյունքների հասած ադրբեջանահայ գործարար էլիտայի ներկայացուցիչները պետք է ամեն ինչ թողնեն ու հետ գան նորակառույց քաղաքը շենացնելու:

Գուցե և նրանք հետ գային, եթե դա չլիներ ինչ-որ բոլորովին օտար ու նոր քաղաք, որտեղ հայկական շունչը հավանաբար չի էլ զգացվի: Ճարտարապետական զուտ հայկական լուծումներ էլ դժվար թե լինեն: Այսինքն` քիչ հավանական է, որ այդ նոր բետոնե քաղաքում ինչ-որ մի բան կարոտախտ կառաջացնի կամ հարազատություն կներշնչի: Այդ դեպքում ի՞նչը պետք է դրդի ադրբեջանահայերին վերադառնալ ու բնակություն հաստատել Բագարանում:

Ավելին, կազմակերպիչները նշում են, որ ներդրումներ, ըստ մտահաղացման, անելու են հենց ադրբեջանահայ գործարարները: Մի՞թե նրանք ավելի հաճույքով ներդրումներ չէին անի Շուշիում կամ Ստեփանակերտում ինչ-որ նոր քաղաք կառուցելու փոխարեն, որը հավանաբար կարժանանա Հյուսիսային պողոտայի ճակատագրին. ուրվական-փողոցի նմանությամբ ուրվական քաղաք Ղարաբաղի ազատագրված տարածքում: Մնում է Ղարաբաղում սփյուռքի նախարարություն բացել, որն «Արի տուն» ծրագիր կիրականացնի:

Ուրվական քաղաքները` ավերված, անշունչ, լքված, Ղարաբաղում առանց այդ էլ կան: Մի՞թե կարիք կա դրանք լիարժեքորեն վերականգնելու ու արտագաղթի կանխելու փոխարեն մեկն էլ ավելացնել:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---