«Պարսկական աշտարակի» կառուցման ենթադրյալ տարածքը արդեն վաղուց պարսիկներին է պատկանում

«Պարսկական աշտարակի» կառուցման ենթադրյալ տարածքը արդեն վաղուց պարսիկներին է պատկանում

PanARMENIAN.Net - «Պարսկական աշտարակի» կառուցման համար ընտրված տարածքը իրականում պատկանում է հենց պարսիկներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը։

«Դա նկարիչների միության տարածքն էր ու մի մասն էլ մասնավոր հողամաս։ Այդ նախագիծը, առանց քննարկվելու քաղաքաշինության խորհուրդի կողմից, դիտարկվել է քաղաքապետարանի ղեկավարության կողմից և տրվել է ճարտարապետական առաջադրանք։ Դա եղել է Գագիկ Բեգլարյանի ժամանակ, երբ գլխավոր ճարտարապետն էր Սամվել Դանիելյանը։ Տվել են 25 հարկանի շենքի ճարտարապետական առաջադրանք, իսկ դա նշանակում է, որ արդեն մյուս կողմը կարող է սկսել նախագծային աշխատանքները՝ հույս ունենալով կառուցել այն»,- մանրամասնեց Պողոսյանը՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից բավական ծանր իրավիճակ է։

«Ես զարմանում եմ Դանիելյան Սամվելի համարձակության վրա, որը տվել է այդ առաջադրանքը՝ առանց հանրության հետ քննարկելու»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Նա նշեց, որ 2009 թվականին տրված ճարտարապետական առաջադրանքն արդեն ուժը կորցրած է, և պետք է ամեն ինչ անել, որ որոշումը «ռեանիմացիայի չենթարկվի նույնիսկ 20 կամ 10 հարկանի շենքի համար»։

Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ «Պարսկական աշտարակը» դեռևս պարզապես առաջարկություն է պարսկական կիսապետական ընկերության կողմից. «Երևի թե այս մակարդակով էլ խոսակցությունը կավարտվի, քանի որ որևիցե մեկս ներկայացված առաջարկը լուրջ չենք ընդունում»։

«Մենք կարծում ենք, որ դա անհնար երևույթ է, կառուցել չի կարելի։ Բարոյական առումով էլ տարօրինակ իրավիճակ է՝ Շառլ Ազնավուրի հրապարակ, «Մոսկվա» կինոթատրոն, Նկարիչների միություն ու «Պարսկական աշտարակ»,- նշեց Հրաչ Պողոսյանը՝ հավելելով, որ նախագիծը կարող է կառուցվել Երևանյան լճի ափին, կամ այդ ճանապարհին, բայց ոչ թե Երևանի հենց կենտրոնում։

Ի հավելումն Մինասյանն էլ առաջարկեց ինչ- որ ռեժիմ հայտարարել Կենտրոնում, որ որևէ մեկը չկարողանա հեռավոր վայրերից գալ ու իր ցանկությունները կյանքի կոչել։

Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։ «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել:

5  21.11.11 - Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանի և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի ասուլիսը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---