Գյումրիում մեկնարկում է Շիրակ ԷՔՍՊՈ 2011-ը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին, Շիրակի մրցունակության կենտրոնը Գյումրիում կանցկացնի ամենամյա Շիրակ Էքսպոն: Այս տարի Շիրակ Էքսպոն կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, ասվում է ՄԶԳ մամլո հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում` համախմբելով շուրջ 50 հայկական և 30 թուրքական ընկերությունների, որոնք կցուցադրեն ծառայությունների և արտադրանքի մեծ տեսականի, այդ թվում` սննդամթերք, տեքստիլ և շինանյութ:

Ժամը 15:00-ին մեկնարկող «Կանայք` որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ» խորագրով ֆորումը հնարավորություն կընձեռի Շիրակ Էքսպոյի մասնակիցներին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, բիզնեսում կանանց դերը և ընդգրկվածությունը, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում առկա ներդրումային ռիսկերն արտադրության և ծառայությունների ոլորտներում: Ֆորումը տեղի կունենա Գյումրիում, «Արաքս» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:

Շիրակ Էքսպո 2011-ը յուրօրինակ հնարավորություն է ընձեռում Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների միջև համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հայ և թուրք կին գործարարների ոչ ֆորմալ ցանց ստեղծելու համար: Շիրակ Էքսպոն նաև կնպաստի կանանց կողմից ղեկավարվող հայկական և թուրքական բիզնեսների միջև համատեղ ծրագրերի մշակմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---