ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը համալրվել է 11 անունով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը համալրվել է 11 անունով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակն ավելացավ ևս 11 նոր անուններով: Որոշումը կայացվել է նոյեմբերի 22-29-ը Ինդոնեզիայի Բալի կղզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ: Դրանք են պերուական Ուաչիպաիրես ցեղախմբի «արակմբուտ» լեզվով կատարվող «Էշուվա» ծիսական երգերը, ՄԱԷ-ի բեդվին կանանց «Ալ-Սադու»կոչվող գործվածքի տեխնիկան, Բրազիլիայի Էնավենե-նավե ցեղախմբի «Յաոկվա» ծեսը, որն արվում է հասարակական և տիեզերական կարգի պահպանման համար, Ինդոնեզիայի «Սաման» պարը, որը պարում են Սումատրա կղզու արական սեռի ներկայացուցիչները: Մեր հարևան Իրանին հաջողվել է մշակութային ժառանգության 2 նմուշ ընդգրկել ցուցակում` իրանական Lenj կոչված նավակների արհեստը և «նակկալի» թատերարվեստը: Ցուցակում ընդգրկվել են նաև Մալիի «կորեդուգա» գաղտնի խմբավորման «իմաստության ծեսը», Մավրիտանիայի «T'heydinn» էպիկական ժանրը, մոնղոլական լիմբե ֆլեյտայով կատարվող երգերը, Վիետնամի Ֆուտխո շրջանի «խոան» երգարվեստը և Չինաստանի խեմչե ազգության «Իմական» էպոսը:

Հանձնաժողովը կքննարկի նաև 39 թեկնածուների`Ռեպրեզենտատիվ ցուցակում ընդգրկելու հարցը, 8 առաջարկ` Առաջավոր փորձի ցուցակում և 4 խնդրանք` ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Հայաստանն այս տարի ներկայացրել էր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը` Վարդավառը և Հայ աշուղական սիրավեպը, որոնցից ոչ մեկը չի ընդգրկվել քննարկման մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---