Ինչո՞ւ Հայաստանը կրկին տապալվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Ինչո՞ւ Հայաստանը կրկին տապալվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-29-ը Ինդոնեզիայի Բալի կղզում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանը, որտեղ որոշվելու են նրա «Ոչ նյութական ժառանգության» ցանկում ընդգրկվող մշակութային արժեքների անունները: Հայաստանը ներկայացրել էր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը` Վարդավառը և Հայ աշուղական սիրավեպը: «Առավոտ» թերթի տեղեկություններով, Հայաստանի պատվիրակության մեկնումից օրեր առաջ արդեն մերժվել էին Հայաստանի հայտերը, անգամ պատասխան էր ստացվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի քննարկելու դրանք: Այնուամենայնիվ Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Բալի: Ինչո՞ւ: Մշակույթի նախարարությունը չի ցանկանում մեկնաբանություններ տալ, քանի դեռ հայաստանյան պատվիրակությունը չի վերադարձել Հայաստան: Քանի դեռ չկա պաշտոնական մեկնաբանություն, դիտարկենք այդ երևույթը մի քանի տեսանկյունից: Ինչպես գիտեն բոլորը, այս տարի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ում կազմակերպվել էր «խաչքարերի արվեստ» ցուցահանդեսը, որտեղ լուսանկարների տակից հանվել էին տեղեկագրերը:

Այս անգամ տապալվեցին մեր 2 հայտերը: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները պնդել են, որ աշուղական երգերն իրենց ազգային արվեստն է և խանգարել մեզ: Չգիտենք, ճի՞շտ է թե ոչ: Խաչքարերի ցուցադրության պատմությունը նույնպես վերագրվեց ադրբեջանա-թուրքական միջամտությանը: Ենթադրենք դա այդպես է: Դուրս է գալիս, որ Հայաստանը չի կարողանում հակահարված տալ ադրբեջանական քարոզչությանը: Ոչ միայն հակահարված տալ, այլ նաև քարոզել իր մշակույթը: Ինչու՞ մինչև ՅՈՒՆԵՍԿՕ հայտ ներկայացնելը չի պրոպագանդվել հայ աշուղական արվեստը: Այսօր արվեստի պրոպագանդման բազմաթիվ միջոցներ կան` գրքեր, համացանց, հեռուստատեսություն: Ավելին, այն նույնիսկ չի պրոպագանդվում Հայաստանի ներսում: Դրանից էլ օգտվում են մեր հարևանները, ովքեր յուրացնելով հայկական մշակույթը, բազմաթիվ գրքեր են տպագրում աշխարհի բոլոր լեզուներով, անվճար բաժանում այն եվրոպական համալսարններում: Մեզ մոտ աշուղական արվեստի ներկայացումը սահմանափակվում է հեռուստատեսությամբ տարվա կտրվածքով մի քանի ժամ հատկացնելով, կամ Սփյուռքում աշուղական երգերի մի քանի համերգներով: Երբ Ադրբեջանը ներկայացնում է հայկական մշակույթը արտերկրում որպես իրենը, Հայաստանը հակահարված չի տալիս, այնինչ եթե դիմենք երգարվեստի մասնագետներին, նրանք հմտորեն կբացատրեն երկու երկրների երգերի տարբերությունները` լադերի քանակով, անցումներով և այլն: Այդ մասնագետների գիտելիքները չեն օգտագործվում միջազգային պրակտիկայում, այնինչ դա կարող է շատ արդյունավետ լինել:

Բացի դրանից, նման միջոցառումներում Հայաստանը կարծես խորհրդանիշ լինի: Եթե քո աչքի առաջ ոտնահարվում է քո մշակույթը, ապա ինչու՞ չի բոյկոտվում միջոցառումը: Հայաստանը պարզապես պետք է չմասնակցի նման հանդիպումների, եթե նույնիսկ թռիչքից րոպեներ առաջ է իմանում, որ նման բաներ են լինելու, կամ անմիջապես ետ վերադառնալ, իմանալով ինչ է կատարվում: Նույնն էլ վերաբերում է ցուցահանդեսներին: Պետք է պարզապես այն չիրագործել` եթե այն թերի է, կամ պայքարել մինչև վերջ` պաշտպանելով ազգային շահերը կամ պարզապես գրագետ ներկայանալ:

Եվ պետք չէ Եվրոպայի երկրների օրինակները տեսնելով, ժպիտը դեմքին հայտարարել, որ ֆրանսիացիների կամ գերմանացիների հարևանները եվրոպացիներ են, իսկ մերը` ոչ: Մեր հարևան Իրանը, որը միանշանակ Եվրոպա չէ, ադրբեջանիցներով լի իր տարածքում 3 հայկական եկեղեցիները` Սբ. Ստեփանոս Նախավկան, Ծոր Ծորը (Ձորձորը) և Սուրբ Թադեոսը կարողացավ ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում` «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ, և Ադրբեջանը ոչ մի կերպ չկարողացավ հակազդել Իրանին կամ հայտարարել, որ դա իրենց նախնի աղվանների թողած ժառանգությունն է:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---