Այվազովսկու նկարները մեծ հաջողությամբ վաճառվեցին ամենահեղինակավոր աճուրդի տներում

Այվազովսկու նկարները մեծ հաջողությամբ վաճառվեցին ամենահեղինակավոր աճուրդի տներում

PanARMENIAN.Net - Հայազգի հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հինգ նկարները նոյեմբերի 28-ին վաճառվեցին հայտնի աճուրդի տներում: Christie's-ում նրա «Ծովափում» կտավը (նախնական գինը 30.000 ֆունտ-ստեռլինգ) վաճառվեց 37.250, իսկ «Փրկվածները» կտավը` (նախնական գինը 30.000 ֆունտ-ստեռլինգ) 49.250 ֆունտ ստեռլինգով: Այվազովսկու երրորդ` «Ղրիմի տեսարանը լուսնի լույսի տակ» կտավը, որի նախնական գինը 25.000 ֆունտ ստեռլինգ էր, այդպես էլ չգտավ իր տերերին:

Մյուս ոչ պակաս հեղինակավոր աճուրդի տանը` Sotheby’s-ում Այվազովսկու երեք կտավներն էլ գտան իրենց տերերին: «Ցլերի կառքն ուկրաինական տափաստանում» (նախնական գինը 80.000 ֆունտ-ստեռլինգ) վաճառվեց 85.250 ֆունտ ստեռլինգով, «Ղրիմի ափը լուսնի լույսի տակ» նկարը վաճառվեց 229.250 ֆունտով (նախնական գինը 120.000 ֆունտ-ստեռլինգ): Ամենաթանկը վաճառվել է «Մայրամուտը Յալթայում» կտավը` 385. 250 ֆունտով` նախնական գնից 35.250 ֆունտ ստեռլինգով ավել, հայտնում են աճուրդի տների պաշտոնական կայքերը:

Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես Գայվազյան) ծնվել է 1817թ-ի հուլիսի 17-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Հայրը` Կոնստանտինը եղել է վաճառական, ով Լեհաստանի հյուսիս էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանից: Մայրը` Հռիփսիմեն եղել է դերձակ:

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլի գիմնազիայում: Ավարտել է Պետերբուրգի Վորոբյովի անվան գեղարվեստի ակադեմիայի բնանկարի բաժինը: Առաջին ցուցահանդեսները ցուցադրվել են հենց այդ ակադեմիայում: Բազմիցս եղել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, քանի որ նրա եղբայրը` Գաբրիելը եղել է Մխիթարյան միաբանության անդամ: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական քաղաքներում: «Ծովը իմ կյանքն է» ասում էր նկարիչը: Զբաղվել է բարեգործությամբ: Նրա երկրորդ կինը` Աննա Բուռնազյանը ավելի է մոտեցրել նրան հայ ազգի հետ: 1890-ական թվականների Համիդյան կոտորածները նրա վրա շատ ծանր են ազդում: Այդ ազդեցության տակ նա նկարում է «Հայերի կոտորածը Տրապիզոնում», «Հայերին կենդանի նետում են ծովը» և այլն: Նա նաև օգնել է հայ գաղթականներին: Այվազովսկին մահացել է 1900 թ-ի ապրիլի 19-ին և թաղվել է հարազատ քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Վերջին անգամ իր կենդանության օրոք ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում: Իր վերջին նկարն է «Բայրոնի ժամանումը Սբ. Ղազար կղզի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---