Ամերիկյան մամուլը բարձր է գնահատում Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը

Ամերիկյան մամուլը բարձր է գնահատում Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը

PanARMENIAN.Net - ՀարփերՔոլլինս տպագրատունը փափուկ կազմով լույս է ընծայել Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն և հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը Հովհաննիսյանների ընտանիքի պատմությունն է. Գասպարի` Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, և Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու և առաջին արտգործնախարարի:

Նոր հրատարակությունն առկա է Amazon.com կայքում, ինչպես նաև ԱՄՆ-ի գրեթե բոլոր գրախանութներում: Գիրքը, որը հեղինակի ուղեկցությամբ մեկ տարվա շրջագայության էր դուրս եկել ողջ Միացյալ Նահանգներում և Կանադայում, արժանացավ գրաքննադատների բուռն գովասանքին: «Հովհաննիսյանն իր յուրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայորդու կիրք»,- գրել է «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր Սեմյուել Ֆրիդմանը: «Վաշինգտոն Փոստ»-ից Դեյվիդ Իգնաթիուսը այն անվանել է «ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը»: «Գերդաստան ստվերաց»-ը տպագրվել է նաև հայերեն` խմբագիր, գրող և Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրան»-ին` Րաֆֆի և Արմենուհի Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է Հայաստանի կարիքավոր երեխաներին ու ծերերին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---