Իտալական «Անաստասիաս» հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Արցախ

Իտալական «Անաստասիաս» հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Արցախ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-25-ը Հայաստան և ԼՂՀ են այցելել հուշարձանների վերականգնման և տարբեր ենթակառուցվածքների ներդրման լավագույն փորձառություն ունեցող իտալական «Անաստասիաս» հիմնադրամի ղեկավար Ռիկարդո Ակվիլայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին տարբեր ոլորտների, այդ թվում Հռոմի վերականգնողական կենտրոնական ինստիտուտի վերականգնող մասնագետներ, ճարտարապետ, ինժեներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ճանաչողական շրջայցի արդյունքում հետաքրքրություն են ցուցաբերել Դադիվանքի վանական համալիրի վերականգնման և դրա շրջակա տարածքի զարգացման ծրագրերով: Այցի ընթացքում կողմերը մի շարք մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ են անցկացրել ԼՂՀ պետական մարմինների հետ: Իտալական պատվիրակության անդամներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտը, և պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր հնարավորությունները: Հանդիպում է կայացել նաև Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, Դադիվանքի վանական համալիրի վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանի հետ: Վերջինս պատվիրակությանը ներկայացրել է ինչպես վանական համալիրի պատմությունը, այնպես էլ տարիների ընթացքում կատարված վերականգնողական աշխատանքները: Կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական խնդիրներին` մասնավորապես հուշարձանի վերականգնման նախագծի հաստատման ընթացակարգերին` յուրաքանչյուրը ներկայացնելով իրենց երկրի առանձնահատկությունները:

Այցելության ավարտին կողմերը մեկ անգամ ևս պատրաստակամություն են հայտնել հետագա արդյունավետ երկկողմ ու եռակողմ համագործակցության վերաբերյալ, որն էլ առաջիկայում կամրագրվի փոխըմբռնման հուշագրով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---