Հայաստանում սկսել են բացահայտ խոսել սեռական բնույթի հանցագործությունների աճի մասին

Հայաստանում սկսել են բացահայտ խոսել սեռական բնույթի հանցագործությունների աճի մասին

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նկատվում է սեռական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև անչափահասների հանդեպ կատարվող հանցագործությունների աճ: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կառավարության նիստի ավարտին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա, նման հանցագործություններ կատարվել են նաև նախկինում, սակայն դրանք ձգտում էին թաքցնել ինչպես զոհերը, այնպես էլ նրանց ծնողները:

«Այդ հանցագործությունները բավականին վտանգավոր են, իսկ հասկանալու համար, թե ինչով է դա պայմանավորված, հարկավոր են լուրջ և խորը հետազոտություններ»,-ասել է նա՝ հավելելով, որ հայ հանրության շրջանում տեղի է ունենում արժեհամակարգի փոփոխություն:

Ամենաաղմկահարույց դեպքերից է ԱՄՆ քաղաքացի, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, խոշոր ձեռնարկատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը: Լոռու մարզի ընդհանուր ատյանի դատարանը 2011թ. նոյեմբերի 17-ին դատապարտեց նրան 15 տարվա ազատազրկման անչափահաս տղաների հանդեպ սեռական բնույթի բռնի գործողությունների համար:

Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում (կաստրացիա)։ Հեղինակի պարզաբանմամբ օրինագիծն ուղղված է վերջին շրջանում տարածված մանկապղծության երևույթի դեմ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, սակայն նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---