Թբիլիսիում բացվեց Վրաստանի հայ նկարիչների միության անդրանիկ ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվեց Վրաստանի հայ նկարիչների միության անդրանիկ ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Վրաստանի հայ նկարիչների միության անդրանիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երկրի տարբեր անկյուններում ստեղծագործող 29 հայ նկարիչների 47 աշխատանքներ:

Նորաստեղծ Վրաստանի հայ նկարիչների միության գլխավոր նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել հայ գեղանկարչության Հովնաթանյան դպրոցի մեծամեծերի ստեղծած անկրկնելի ավանդույթները: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրների շատ և շատ թանգարաններում և պատկերասրահներում փառավոր տեղ են զբաղեցնում թբիլիսահայ տաղանդավոր նկարիչներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի և այլոց հիասքանչ կտավները:

Շուրջ 50 արվեստագետի միավորող Վրաստանի հայ նկարիչների միության շարքերում են Միհրան Դիլբարյանը, Թենգիզ Միքոյանցը, Իրենա Օհանջանովան, Արտյոմ Ալաբուլյանցը, Գիորգի Մանոյանը, Էռնա Դոլմազովան, Մնացական Ղալաչյանը, Կառլեն Կարապետյանը և շատ ուրիշներ, որոնց աշխատանքները մեկ անգամ չէ, որ զարմացրել և հիացրել են դիտողին: Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս են հայտնում, որ այս անդրանիկ ցուցահանդեսը խթան կհանդիսանա գեղանկարչության վիրահայ դպրոցը էլ ավելի հարստացնելու և զարգացնելու գործում: Ցուցահանդեսը շարունակվում է մինչև դեկտեմբերի 5-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---