Վենետիկում բացվելու է «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը: «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը:

Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն: Ցուցահանդեսի նախաձեռնողն է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան ճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը:

Ցուցահանդեսը կուղեկցվի համերգային ծրագրով, որը տեղի կունենա Սան Մարկո տաճարում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---