Նարեգ Հարթունյանը «Երևանի ժամացույցի գործարանի» բաժնետոմսերի հետ կապ չունի՞

Նարեգ Հարթունյանը «Երևանի ժամացույցի գործարանի» բաժնետոմսերի հետ կապ չունի՞

PanARMENIAN.Net - «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի 34 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը ոչ թե Նարեգ Հարթունյանն է, այլ նրա եղբայրը`Սարո Հարթունյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Որպես Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ բազմիցս նշել եմ և կրկին անգամ տեղեկացնում եմ, որ Նարեգ Հարթունյանը որևէ առնչություն չունի նրա հորը պատկանած «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի բաժնեմասերի հետ: Ավելին, հավակնություններ էլ չի կարող ունենալ, քանի որ Նարեգ Հարթունյանի հայրը, կտակով իր ողջ ունեցվածքը կտակել է Սարո Հարթունյանին (Նարեգի եղբորը): Նարեգ Հարթունյանի հետ կապված քրեական գործը որևէ կապ չունի ինչպես «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ գործունեության հետ, այնպես էլ Լևոն Մարկոսի հետ»,- գրում է փաստաբանը և նշում, որ հանդիսանում է նաև Սարո Հարթունյանի ներկայացուցիչը: «Հարկ եմ համարում նշել, որ Franck Muller ընկերության անունից որևէ առաջարկ չի եղել, ինչպես նաև «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ն Franck Muller-ի հետ որևէ կապ չունի»,-ասել է նա:

Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, սակայն, Լեռնիկ Հովհաննիսյանը չէր հերքում, որ ըստ էության հենց բուն ձերբակալության պատճառն էլ այն է, որ Նարեգ Հարթունյանը տնօրինում է «Երևանի ժամացույցի գործարանի»՝ 34 տոկոս բաժնետոմսերը: Նաև ասուլիսի ժամանակ նշվեց, որ վերոնշյալ բաժնետոմսերով հետաքրքրված են պետական կառույցում աշխատող որոշ անձինք, իսկ բաժնետոմսերի արժեքը կազմում է մոտավորապես 8 միլիոն ԱՄՆ դոլար։

2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Ըստ գործի, Նարեգ Կարապետի Հարթունյանը ղեկավարել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց: Նա պետք է կալանքի տակ մնա 2 ամիս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---