Փարիզը բոյկոտ է հայտարարել Անկարային. Ֆրանսիական պատգամավորը լքել է դահլիճը Թուրքիայի ԱԺ անդամի ելույթի ժամանակ

Փարիզը բոյկոտ է հայտարարել Անկարային. Ֆրանսիական պատգամավորը լքել է դահլիճը Թուրքիայի ԱԺ անդամի ելույթի ժամանակ

PanARMENIAN.Net - Բաքվում «Մոդեռնիզացման քաղաքականություն. նոր տնտեսական և սոցիալական մարտահրավերներ» միջազգային խորհրդաժողովում Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անդամ Մուսթաֆա Քաբաքչիի ելույթի ժամանակ ֆրանսիական պատգամավոր Ռաշիդա Դաթին լքել է դահլիճը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման կապակցությամբ դեպքերի վերջին զարգացումներին, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անդամ Մուսթաֆա Քաբաքչին ասել է, որ «պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները»:

Թեև լրագրողները մոտեցել են դահլիճը լքած Ռաշիդա Դաթիին և հետաքրքրվել նրա արարքի պատճառներով, հյուրը բացատրություն չի տվել:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---