«Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել բուժման կարիք ունեցող երեխաներին

«Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել բուժման կարիք ունեցող երեխաներին

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 18:30 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: «Ամերիա» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության ազգային կենտրոնը: Իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ:

Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից:

Միասնաբար օգնե'նք կյանքի համար պայքարող մեր մանուկներին:

«Ամերիա» անվանման և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---