28 դեկտեմբերի 2011 - 17:20 AMT
Սանահինի վանքի վերականգնման նախագիծը պատրաստ կլինի 2012 թ-ին

Սանահինի եկեղեցու վերականգնման նախագիծը պատրաստ կլինի 2012 թ-ին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: Բեռլինի կիրառական գիտությունների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին գերմանացի մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրել են եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք: Ըստ Սիմոնյանի, նրանք ուսումնասիրում էին ճաքը, որպեսզի պարզեին, ճաքը շարունակվող է, թե կանգ է առել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճաքը կանգնած է և կարելի է զբաղվել վերականգնման աշխատանքներով: Բացի դրանից, 2012 թ-ին ուսումնասիրվելու է Սանահինի ողջ համալիրը:Այս տարի ամռանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին համալիրն անուշադրության մատնելու համար: Եկեղեցու գմբեթը և պատերը ծածկված են բուսածածկույթով: