ՀՀ նախագահը հույս ունի, որ 2012 թվականին հայ մարզիկները կկարողանան օլիմպիական ոսկե մեդալ նվաճել

ՀՀ նախագահը հույս ունի, որ 2012 թվականին հայ մարզիկները կկարողանան օլիմպիական ոսկե մեդալ նվաճել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել` առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ:

Իր շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը չկիսելով այն տեսակետը, թե 2011թ. սպասողական տարի էր, նշել է, որ սպորտի առումով տարին իր կարծիքով, նաև՝ մեր ժողովրդի մեծամասնության, հաջող տարի է եղել: «Ես կարծում եմ` տևական ժամանակ է, որ մեր ժողովուրդն այսպիսի հետաքրքրություն չէր ցուցաբերել ֆուտբոլի նկատմամբ, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ստիպեց մեկ անգամ ևս հաշվի նստել այդ գեղեցիկ սպորտի, նրա արդյունքների հետ»,- նկատել է նախագահը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև շախմատիստների ելույթներին, որոնք կարողացան նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա նշել է, որ 2011 թվականին շախմատի հավաքականը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: «Մենք բոլոր տիտղոսներն ունեինք, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ահա արդեն դա էլ ունենք: Կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նաև հույս է հայտնել, որ 2012 թվականին՝ ամառային օլիմպիադայի անցկացման տարում, հայ մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստան կբերեն օլիմպիական ոսկե մեդալ: «Դրա համար նրանք ունեն շատ մեծ հնարավորություններ, պարզապես պետք է հավատան սեփական ուժերին և մինչև վերջ նվիրվեն այդ անչափ կարևոր գործին»,- հավելել է նա: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ բոլորը` այդ թվում օլիմպիական կոմիտեն, պատրաստ են այդ նպատակով ստեղծելու անհրաժեշտ բարենպաստ պայմանները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---