29 հունվարի 2012 - 15:26 AMT
Թբիլիսիում կազմակերպվել է նկարիչ Ժան Խաչի աշխատանքների անհատական ցուցահանդես

Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության կազմակերպած`Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) հետմահու անհատական ցուցահանդեսը նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են եղել գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը, հասարակական գործիչներ Ալեքսանդր Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք: