«365 գրուպ» և «Մուրադ սար» ընկերությունները մտադիր են արտադրանքն արտահանել Ռուսաստան, Վրաստան և Գերմանիա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «365 գրուպ» գինեգործական ընկերություն և պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա դռների ու պատուհանների արտադրությամբ զբաղվող «Մուրադ սար» ձեռնարկություններ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, կառավարության ղեկավարը ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում, ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

2011 թվականի ընթացքում «365 գրուպ»-ն իրականացրել է 440 տոննա խաղողի և մրգերի մթերում՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շիշ՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը 2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Գերմանիան:

«365 գրուպ»-ն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ, ինչպես նաև « Passion de Pineau» 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն հանդիսանում է ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը և գործող « Passion de Pineau» գինու միակ արտադրողը:

Վրացական և իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչև 2000 տոննայի: «Մուրադ սար»-ը նախորդ տարի թողարկել է 932 նմլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան և Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ:

Արտադրության զարգացման նպատակով 2011-ին ձեռք է բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---