«Սպասուհին». Խեղաթյուրված մարդկային հարաբերությունների ճշգրիտ օրինակ

«Սպասուհին». Խեղաթյուրված մարդկային հարաբերությունների ճշգրիտ օրինակ

PanARMENIAN.Net - 2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմի» համար առաջադրված ֆիլմերից պարզ է դառնում, որ Հոլիվուդը կարոտախտի նոպայի մեջ է. առաջադրվածների 80 տոկոսը ռետրո ուղղվածության են:

«Սպասուհին» (The Help) ֆիլմն այդ ռետրո շարքից է: Այն մեզ տեղափոխում է անցած դարի 60- ական թվականների Ամերիկայի հարավ: Ֆիլմը սևամորթ տան ծառայողի մասին է, որը ժամանակին ԱՄՆ-ում գոյություն ունեցող ռասսայական խտրականության, անհավասարության, անարդարության ու դրանից բխող մարդկային հարաբերությունների խեղաթյուրման ճշգրիտ օրինակ է:

«Ես սպասուհի եմ, մայրս էլ էր սպասուհի, իսկ տատիկս ստրկուհի էր»,- ասում է ֆիլմի հերոսուհի Էյբիլին (Վիոլա Դևիս): Թվում է՝ այդ իրական դժբախտությունը դժվար թե փոխվի ֆիլմի ընթացքում, իսկ հանդիսատեսը մինչև ֆիլմի ավարտը պետք է որ խղճա սպասուհի կնոջը, նրան, ով պահում ու խնամում է «սպիտակ երեխաներին»՝ հաճախ դաստիարակելով շատ ավելի լավ, քան դա կանեին նրանց «սպիտակ մայրերը»: Բայց հենց այդպիսի մի սևամորթ կնոջ մեծացրած, արդեն հասուն մարդ դարձած լրագրողը (Էմմա Սթոուն) իր համառությամբ կարողանում է խաթարել հարյուրամյակներ տիրած կարծրատիպերը:

Ռեժիսոր և սցենարիստ Թեյդ Թեյլորը «Սպասուհին» ֆիլմը նկարահանել է Քեթրին Սթոքեթի ստեղծագործորթյան հիման վրա, և այն շատ մոտ է օրիգինալին: 2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը արձանակի են հավակնում 25 000 000 դոլար բյուջե ունեցող ֆիլմի հերոսուհիներից միանգամից երեքի դերակատարները՝ Վիոլա Դեվիսը գլխավոր, իսկ Օկտավիա Սպենսերն ու Ջեսիկա Չեսթերը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարման համար:

Քրիստինե Քյուրքլյան
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---