ԼԻՏՎԱՆ ՄԱՏԴԻՐ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Լիտվան մտադիր է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանը: Այդ մասին այսօր հայտարարել է այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը: Բացի երկկողմ հարաբերություններից, նշել է նա, «մենք մտադիր ենք նաեւ զարգացնել համագործակցությունը 3+3 բանաձեւով», որը նախատեսում է համագործակցության հաստատում Բալթիայի երկրների եռյակի եւ Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ: Նշենք, որ այսօր Երեւանում երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել է երեք փաստաթուղթ. Պայմանագիր քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին; Համաձայնագիր առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին; Համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Այսօր Երեւանում կկայանա նաեւ հայ-լիտվական գործարար համաժողով, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք, որ Լիտվայի նախագահը Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում: Նա Երեւան է ժամանել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Նախատեսվում էր, որ այստեղից Ռ. Պակսասը կմեկնի Բաքու, սակայն, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, այցը Ադրբեջան չի կայանա այն պատճառով, որ երկրի նախագահ Հեյդար Ալիեւը բուժում է անցնում ԱՄՆ-ում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---