Բնապահպան .ՇՄԱՓ-ը թույլ է տալիս առանց քաղաքացիների համաձայնության բետոնապատել քաղաքը

PanARMENIAN.Net - Այսօր մի խումբ բնապահպան-ակտիվիստներ Մաշտոցի այգուց երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայրը: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել և Աժ վերադարձնել Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրինագիծը (ՇՄԱՓ):

«Այս օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի և այլ կոնվեցիաներին: Այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն»,- ասաց «Էկոդար» ՀԿ-ի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Իրավաբանի խոսքով՝ համաձայն օրինագծի, մասնագիտական եզրակացություն տրվում է միայն «Ա» և «Բ» կատեգորիաներով նախատեսված գործունեության համար: Անտառահատումներն ընդգրկված են «Գ» կատեգորիայում, որում ընդգրկված գործողությունները պետական փորձաքննություն չեն անցնում, մասնագիտական եզրակացություն չի տրվում:

«Նշանակում է՝ այս օրենքը թույլ է տալիս առանց քաղաքացիների համաձայնության բետոնապատել քաղաքը»,-ավելացրեց իրավաբանը:

Բնապահպաններն իրենց բողոք-նամակը և 600-ից ավել քաղաքացիների ստորագրությունները փոխանցել են նախագահ Սերժ Սարգսյանին: Մասնակիցները հույս հայտնեցին, որ 13 օրվա ընթացքում կստանան պատասխան նամակը:

«Կամ պետք է նախագահը ստորագրի, կամ օրինագիծն ուղարկվի ԱԺ: Ստորագրելու դեպքում մենք մեր բողոքը չենք դադարեցնելու, շարունակելու ենք: Կդիմենք Օրհուսին , ինչպես նաև Սահմանադրական դատարան, իսկ եթե ուղարկվի ԱԺ, այնտեղ արդեն մենք կներկայացնենք մեր հիմնավորված պահանջները»,-վերջում հավելեց Արթուր Գրիգորյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---