Քաղաքապետարանում բնապահպան-ակտիվիստներին կոչ են արել «օրենքից չխոսել»

Քաղաքապետարանում բնապահպան-ակտիվիստներին կոչ են արել «օրենքից չխոսել»

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է, որ Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», ակնհայտ է դարձել, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել հօգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության:

Նաև նշվում է, որ «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չեն կարողացել բացատրել՝ ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում:

«Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն հանրային շահ և հանրային այգի հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին»,- նշում են նախաձեռնության անդամներն ու հայտարարում. «Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը»:

Նրանք միաժամանակ տեղեկացնում են նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---