24 փետրվարի 2012 - 14:51 AMT
Մի խումբ արվեստի գործիչներ և գիտնականներ արժանացան պետական մրցանակների

Այսօր`փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի ունեցավ Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակների դափնեկիրներին մրցանակների հանձնման արարողությունը:

Որպես մրցանակ շնորհվեցին մրցանակի դափնեկրի վկայագրեր, կրծքանշաններ և 5 մլն դրամի չափով դրամական պարգև: Նախագահի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են ՀՀ 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: «Պետական մրցանակների կարևորությունն ու արժեքը մեծ է մեր երկրի և հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով` ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ», իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մրցանակները շնորհվել են գրականության և հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար,երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին և Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

Դերասան Արթուր Ութմազյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր մրցանակը ամբողջ Դրամատիկական թատրոնինն է: Նա նշեց, որ միշտ էլ խոսվել է թատրոնի վախճանի մասին: «Եկավ կինոն, թատրոնն ապրեց, եկավ հեռուստատեսությունը, թատրոնն ապրեց, եկավ ինտերնետը, թատրոնը կրկին ապրեց և միշտ կապրի», ասաց դերասանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ իր հերթին նշեց, որ ուրախ է հենց «Երևանյան ռապսոդիա» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրած ստեղծագործության համար ստանալու այդ մրցանակը, քանի որ դա երգարվեստից դուրս է: Ինչ վերաբերում է մրցանակին, ապա Ամիրխանյանի կարծիքով այն գնահատական է, որը դառնում է վերաբերմունք: