35  Գունավորը, Բուրավետը, Փակը: Փակ շուկայի վերջին օրերը

Ինչո՞ւ են Փակ շուկան այդքան էժան գնահատել. 200 հազար դրա՞մ

Ինչո՞ւ են Փակ շուկան այդքան էժան գնահատել. 200 հազար դրա՞մ

PanARMENIAN.Net - Երևանի Փակ շուկայի տանիքի մի մասի քանդման համար քաղաքապետարանը կազմվել է արձանագրություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի ( շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը) առաջին մասով, որը առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար դրամ: Ընդամենը 200 հազար դրամ տուգանք Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, հանրապետական նշանակության 1952 թ. կառույց Կենտրոնական ծածկած շուկան քանդելու համար:

Ինչո՞ւ այդքան քիչ: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանից: «Մենք արձանագրություն կազմել ենք ելնելով նրանից, որ շինությունը անօրինական քանդել են՝ առանց թույլտվության, իսկ որ մշակութային արժեք է, թող այդ հարցով մշակույթի նախարարությունը զբաղի», - պատասխանեցին քաղաքապետարանի տեղեկատվական վարչությունից:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում նախ նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ քաղաքապետարանի կազմած արձանագրության հետ, և հավելեց. «Խնդիրը նրանում չի, թե ինչպես պատժել կամ որքան: Այստեղ կարևորը շինությունն է: Մենք սանկցիաներ չունենք տուգանք նշանակելու համար: Քաղաքապետարանն է տուգանք նշանակում, արձանագրություն կազմում, իսկ եթե մենք համաձայն չենք լինում, դիմում ենք դատախազություն»:

Հարցին, թե իրենց բավարարում է արդյոք 200 հազար դրամ տուգանքը պատմամշակութային արժեք ներկայացնող շինության համար, Այվազյանը պատասխանեց. «Հարցն այն է, որ մենք չունենք պատմամշակութային հուշարձանների արժեքի գնահատման մեխանիզմ, իսկ եթե չգիտենք հուշարձանի գինը, ցավոք սրտի, չենք կարող նաև հաշվել հասցված վնասի չափը: Այստեղ հարցը իրավական դաշտի անկատարության մեջ է: Օրինակ Ուկրաինան, Ռուսաստանը ունեն նման մեխանիզմներ: Մենք էլ ենք, ես անձամբ աշխատել եմ գնահատման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, բայց իրավական նրբություններ կան, որոնք ես չեմ հասկանում՝ իրավաբան չեմ»:

Ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 95 հոդվածին (պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտել), ապա այն սահմանում է չնչին պատիժ՝ 100-ից 1000 դրամ:

Ըստ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք է հանդիսանում 1000 դրամ նվազագույն աշխատավարձը: Սա նշանակում է, որ եթե ակտում գրված է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, տուգանքը կկազմի 100 հազար դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---