Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրաժարվում են մասնակցել ոստիկանության կազմակերպած քննարկմանը

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրաժարվում են մասնակցել ոստիկանության կազմակերպած քննարկմանը

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան քննարկման: Մաշտոցի պուրակի ցուցարարները մերժմամբ են պատասխանել հրավերին. «Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ: Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդ իրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները:Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին»:

ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո ակտիվիստները պատրաստ են միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև` միասնական ուժերով հանրային տարածքը և սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու և անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը:

«Հայտնում ենք նաև, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներն անցակացվեն այնպիսի ձևաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց և հաշվետու: Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը և որևէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից: Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքի գերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---