ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանզի, պատերազմ արդեն եղել է, հայկական կողմը հաղթող է դարձել, սակայն, այդուհանդերձ հարցը չի լուծվել: Այդ խնդիրը հնարավոր չէ լուծել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող տարբեր միջազգային փաստաթղթերի մշակման ճանապարհով, քանզի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին համոզել վերադառնալ Ադրբեջանի կազմ եւ դառնալ այնտեղ ինքնավարություն»: Այս մասին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանային լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` Հայաստանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ղեկավարվում է երեք հիմնական սկզբունքներով` 1/ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, 2/ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ պետք է անցնի ուղիղ ցամաքային կապ, 3/ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է տրվեն իրական անվտանգության երաշխիքներ: Սակայն, նախարարի խոսքերով` հայկական կողմի պահանջների ամենակարեւոր կետը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: «Միայն այսպես կարելի է լուծել այս հիմնախնդիրը»,- նշել է Վ.Օսկանյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ելույթը սկսել է ղարաբաղյան գործընթացի պատմություն էքսկուրսիայով, որը նա բաժանել է չորս փուլի: 1/ ԵԱՀԿ Բուդապեշտի վեհաժողովից մինչեւ Լիսաբոնի վեհաժողով, 2/ Լիսաբոնի վեհաժողովից մինչեւ Հայաստանում իշխանափոխություն, 3/ Հայաստանում իշխանափոխությունից մինչեւ ավագ Ալիեւի մահը, 4/ ավագ Ալիեւի մահից մինչեւ ներկա ժամանակաշրջանը: «Հենց Բուդապեշտում` 1994 թվականին ստեղծվել է ԵԱՀԿ ՄԽ մշտական ինստիտուտը, որն, իր ժամանակ, շատ հմտորեն տարածքային ամբողջականության սկզբունքին համադրեց ինքնորոշման սկզբունքը եւ մշակեց ընդհանուր պետության տարբերակ, որն իր հերթին մերժվեց Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է նախարարը: Վ.Օսկանյանի խոսքերով` ղարաբաղյան գործընթացի ամբողջ ժամանակաշրջանում փոփոխվել է ինչպես բանակցությունների ձեւաչափը, այնպես էլ հակամարտության բնույթը եւ բովանդակությունը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Բուրդապեշտում հարցը հանգում էր պատերազմի հետեւանքների վերացմանը եւ ԼՂ ժողովրդին լայն ավտոնոմիա տրամադրելուն, ապա վերջնական ժամանակաշրջանում` մինչեւ ավագ Ալիեւի մահը փաստորեն ճանաչվել էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման կայացած փաստը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով` Հեյդար Ալիեւը ցանկանում էր ավելի շատ օգուտ ստանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: «Դրա շնորհիվ ծնվեց Քի-Վեսթյան համաձայնագիրը, որտեղ հստակ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի անկախության փաստը: Սակայն Ադրբեջանի նոր իշխանությունները փորձում են հետ շրջել պատմության անիվը, հեռանալ հակամարտության բնույթից»,- հայտարարել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ այսօր շատ միջազգային կառույցներ նախապատվություն են տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին, քան ինքնորոշման սկզբունքին: «Սակայն ղարաբաղյան հարցը անիմաստ է դիտել այդ կտրվածքում: Որքան երկար է ձգվում ԼՂ անկախության դե-ֆակտոն, այնքան այդ ժողովուրդն ավելի շատ շանս ունի հասնելու անկախության: Այսպիսով, ադրբեջանական կողմի հույսը, օգտագործել ժամակը եւ իր նավթային պաշարներն իր սցենարով հարցի հետագա լուծման համար, անհեռանկարային է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---