ՀՀ ՊՆ ղեկավարը կարեւորել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում շարունակվող պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել Կառնեգի հիմնադրամում, որն ԱՄՆ քաղաքագիտական եւ հասարակական գիտությունների հետազոտությունների առաջատար կենտրոններից է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարի ելույթն ունկնդրելու էին եկել ԱՄՆ Պենտագոնի, պետքարտուղարության, Վաշինգտոնում գործող գիտահետազոտական եւ բարձրագույն կրթական հաստատությունների, Վաշինգտոնում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Կլոր սեղանին նախորդեց պաշտպանության նախարարի հանդիպումը Համալսարանի նախագահ գեներալ Մայքլ Դանի հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար ԱՄՆ Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի վերապատրաստման հիմնական կենտրոնում` Վաշինգտոնի Պաշտպանության ազգային համալսարանում կազմակերպված կլոր սեղանի հյուրն էր: Քննարկմանը մասնակցում էին Պենտագոնի քաղաքական պաշտոնյաներ, վերլուծաբաններ, փորձագետներ, ինչպես նաեւ կենտրոնում վերապատրաստում անցնող բարձրագույն սպայական կազմի տարբեր պետությունների ներկայացուցիչներ:



Իր ելույթներում Ս.Սարգսյանն անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերությունների, ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, արտաքին քաղաքականության հիմքերի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների հետ ՀՀ հարաբերությունների ներկա մակարդակի եւ հետագա զարգացման հեռանկարներին: Ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության եւ հակամարտությունների կարգավորման նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հարավային Կովկասի պետությունները կարող են զգալի առաջընթացի հասնել միայն համագործակցաբար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, Սերժ Սարգսյանը կարեւորեց Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության միայն խաղաղ միջոցներով կարգավորումը: Առանձին նշելով ռազմական եւ անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացը, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտեց, որ Հայաստանը 2001թ. սեպտեմբերի 11-ի ոճրագործությունից անմիջապես հետո դատապարտել է այն եւ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում անձնակազմ է ուղարկել Իրաք: Այնուհետեւ Ս.Սարգսյանը հյուրընկալվեց ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում, որտեղ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ԱՄՆ Կոնգրեսում նախարար Սարգսյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջիմ Կոլբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանին տրամադրվող օգնությանը, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---