Սահմանադրության հանրաքվեն կնպաստի ՀՀ իրական առաջընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին, հաղորդում է ՀՀ կառձավարության մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ պատմական խոր արմատներ ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունները այսուհետ եւս նույն հաջողությամբ կզարգանան: Ըստ նրա, այս տարվա նոյեմբերին նախատեսվող ՀՀ նախագահի այցը Հունաստան նույնպես զգալիորեն կնպաստի երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ փոխգործակցության խթանմանն ու բարեկամությանը: Կարեւորելով «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ Հայաստանի ընդգրկումը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դա նոր մակարդակի է բարձրացնում մեր երկրի հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում` Հունաստանի հետ: Ընդգծելով, որ իր գործունեությունը մեր երկրում սկսում է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության` Սահամադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական շրջանում, Պանայոտա Մավրոմիխալին հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ եվրաինտեգրմանն ուղղված մյուս գործընթացները կնպաստեն Հայաստանի իրական առաջընթացին: Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Հունաստանի համագործակցության զարգացումը պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառներում:



Զրուցակիցները նշել են, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության դինամիկ զարգացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունները չեն արտացոլում երկու երկրների միջեւ փոխգործակցության առկա ներուժը: Գործընթացի ակտիվացման, ապրանքաշրջանառության ավելացման նպատակով, նրանք ընդգծել են Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի գումարման անհրաժեշտությունը 2006թ. ընթացքում: Զրուցակիցները փոխգործակցության համար առավել հնարավոր ու հեռանկարային են համարել, մասնավորապես, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման գործում եւ կառավարության կողմից պատրաստակամություն հայտնել, հարկ եղած դեպքում, հնարավորինս աջակցել դեսպանին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---