ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի հինգ ձեռնարկության բաժնետոմսերը փոխանցվել են Ռուսաստանին որպես սեփականություն` Ռուսաստանին Հայաստանի պարտքի մարման դիմաց: Համապատասխան փաստաթղթերն ստորագրվել են այսօր Երեւանում միջկառավարական բանակցությունների արդյունքում` հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ այդ հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ արդյունաբերության եւ գիտության նախարար Իլյա Կլեբանովի միջեւ: Ռուսաստանին որպես սեփականություն են փոխանցվել «Մարս», «Երեւանի նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտ», «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ», «Երեւանի ավտոմատացված համակարգերի ղեկավարման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ները, ինչպես նաեւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի գույքային համալիրը: Այս ամենով հանդերձ Հայաստանը լիովին մարել է Ռուսաստանին իր պարտքը, որը կազմում է 101 մլն դոլար, հայտարարել է Երեւանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը: Ըստ նրա` սեփականության փոխանցումը շահավետ է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի համար, որը հանձն է առել ապահովել իրեն փոխանցված ձեռնարկությունների լրիվ գործունեությունը: Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի բնապահպանման նախարարությունների միջեւ ստորագրվել է նաեւ համաձայնագիր` ջրային ռեսուրսների եւ ընդերքի օգտագործման բնագավառում համագործակցության մասին: Երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է նաեւ համաձայնագիր` գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---