Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է միտրոպոլիտ Կիրիլին Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո 16-րդ Պատրիարք ընտրվելու առթիվ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը շնորհավորել է Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո 16-րդ Պատրիարք ընտրվելու առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդարանի մամլո ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մենք շատ ուրախ ենք, որ Աստծո կամոք մեր քույր-եկեղեցի Ռուս Ուղղափառ Եկեղեցին (ՌՈՒԵ) ընտրեց իր 16-րդ առաջնորդին: Դուք, զբաղեցնելով բարձր պաշտոններ եւ զարգացնելով լուրջ հոգեւոր ու հասարակական գործունեություն, արժանացել եք միլիոնավոր հավատացյալների սիրուն եւ հարգանքին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: Ուղերձում Վեհափառը վստահություն է հայտնել, որ Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցին կշարունակեն սերտ համագործակցությունն ու դարավոր բարեկամությունը ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եկեղեցիների եւ ժողովուրդների:



ՌՈՒԵ Համաժողովը Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո 16-րդ Պատրիարք է ընտրել Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին: Համաժողովի 702 պատվիրակներից նրա օգտին են քվեարկել 508-ը: Նրա մրցակցի` Կալուգայի եւ Բորովի միտրոպոլիտ Կլիմենտին իրենց ձայնն են տվել 169 պատվիրակ:



Նոր Պատրիարքի ձեռնադրումը տեղի կունենա փետրվարի 1-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա չի լինելու արարողությանը, քանի որ հովվական այցով գտնվում է ԱՄՆ-ում: Նրա փոխարեն ՀԱԵ ներկայացնելու է Սբ. Էջմիածնի առաջնորդարանի արտաքին հարաբերությունների ղեկավար, արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---