«Ժառանգությունը» շնորհակալություն հայտնեց Թուրքմենիային Թուրքմենիա Բաքվից բռնագաղթված հայերին օգնություն ցուցաբերելու համար

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ն Ծիծեռնակաբերդի բարձունքում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն ու անդամները հարգանքի տուրք մատուցեցին 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում հայերի դեմ իրականացված եւ Ցեղասպանությանը հատուկ գործողությունների հետեւանքով զոհված հարյուրավոր հայրենակիցների հիշատակին: 20-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքարի մոտ տերունական աղոթքից ու ծաղիկներ դնելուց հետո «Ժառանգություն» կուսակցության անունից շնորհակալական նամակ փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանատուն: Նամակում մասնավորապես ասվում է.



«Հարգելի բարեկամներ, 20 տարի է անցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից: Ահասարսուռ այդ օրերին սպանդից մազապուրծ հազարավոր հայեր, լաստանավերով հատելով Կասպից ծովը, իրենց առաջին ապաստանը գտան Թուրքմենստանում, ուր պետական մարմինները եւ թուրքմեն ժողովուրդը գործադրեցին հնարավոր բոլոր ջանքերը փախստականներին մարդասիրական օգնության սահմաններում ընդունելու եւ տեղավորելու ուղղությամբ: Շուրջ երկու դար է, ինչ Թուրքմենստանը հյուրընկալում է հայերին: Այսօր էլ արեւաշատ եւ հինավուրց Ձեր երկիրը հազարավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Իսկ հայ-թուրքմենական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն: Վստահաբար, մեր հարաբերությունները կարող են եւ պետք է խորացվեն, այդ թվում` միջազգային ատյաններում` ի բարօրություն երկու ժողովուրդների: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներս վերստին արձանագրում ենք, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Թուրքմենստանին եւ նրա ժողովրդին այն անկեղծ եղբայրական օգնության համար, որը ցուցաբերվեց 1990-ի հունվարի` հայության համար ծանր օրերին, եւ միշտ հիշելու է իր հանդեպ դրսեւորված բարի կամքն ու մարդասիրությունը` սերունդներին փոխանցելով այդ հիշողությունը»,- փոխանցում է «Ժառանգության» լրատվական ծառայությունը:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:



2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---