Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններն Անկարայում ժեստ են` ուղղված Թուրքիային

Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններն Անկարայում ժեստ են` ուղղված Թուրքիային

PanARMENIAN.Net - Անկարայի ընդգրկումը ղարաբաղյան հակամարտության գործընթացում չի բխում Մոսկվայի շահերից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկիր` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ նա դեմ է ղարաբաղյան գործընթացում թուրքական կողմի ընդգրկմանը»,- ասել է պրոֆեսորը: Նա ավելացրել է, որ Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, իսկ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, այս հարցում չի գնա իր դիրքորոշման փոփոխության:

Գնահատելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա`Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ռուս-թուրքական մերձեցման հիմքում ընկած են տնտեսական և էներգետիկ հարցեր: «Ռուսաստանը և Թուրքիան ողջ պատմության ընթացքում տարածաշրջանում եղել և մնում են մրցակիցներ: Քաղաքական տեսանկյունից մենք չենք նկատում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումների մերձեցում: Ինչ վերաբերում է Անկարայում արված հայտարարություններին հայ-թուրքական գործընթացի և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, ապա դրանք պետք է դիտարկել որպես ռուսական կողմից Թուրքիային ուղղված ժեստ»,- ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Սաֆրաստյանը նշեց, որ մոտ ժամանակները թուրքական ղեկավարության դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն լինի: «Հայ-թուրքական հարաբերությունների քաղաքականության մեջ Թուրքիան հետապնդում է ավելի մեծ տարածաշրջանային շահեր»,- ասել է պրոֆեսորը:

Միաժամանակ նա նշեց, որ այժմ ամենաբարենպաստ ժամանակն է նրա համար, որպեսզի Հայաստանը նոր թափ հաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ հարցը միջազգային իրավական հարթություն տեղափոխելու համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---