ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ԿՈՉԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը Եվրախորհրդի նախարարների կոմիտեին է հասցեագրել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը ձեռնամուխ լինելու մասին վերջերս Ադրբեջանում հնչող կոչերը քննարկելու առաջարկով նամակը: Ելույթ ունենալով Վեհաժողովի նիստին` Հովհաննիսյանը հայտնել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը, ներառյալ նախագահ Հեյդար Ալիեւին, վերջին ամիսների ընթացքում հանդես էր գալիս ռազմական գործողությունների վերսկսման կոչերով` հետապնդելով ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման համար հարմար իրավիճակի ստեղծման նպատակը»: ԵԽԽՎ-ում հայկական պատվիր-ակության ղեկավարը նամակում հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 2001 թվականի հունվարի 25-ին անդամակցելով Եվրախորհրդին, պարտավորվել են կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ եղանակով: Հովհաննիսյանը առաջարկել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեին կոչով դիմել Ադրբեջանին, որպեսզի այն զերծ մնա կարգավորման խաղաղ գործընթացը լրջորեն վտանգող հայտարարություններից:

Հովհաննիսյանը առաջարկեց նաեւ քննարկել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման հարցը: Նա նշել է, որ Թուրքիայի վարած քաղաքականության արդյունքում հայկական տնտեսությունը տանում է մեծ կորուստներ: «Եվրախորհրդի մի անդամ-երկրի կողմից մյուսի նկատմամբ իրականացվող շրջափակման քաղաքականությունը ակնհայտորոն հակասում է Եվրախորհրդի կանոնադրությանը»,- ասվում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի նամակում: Այդ առիթով Հովհաննիսյանը կոչ է արել Եվրախորհրդին միջամտել եւ պահանջել Թուրքիայաի կառավարությունից դադարեցնել շրջափակումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---