Արթուր Բաղդասարյան. Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունն արդյունավետ զարգանում է

Արթուր Բաղդասարյան. Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունն արդյունավետ զարգանում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունն արդյունավետ զարգանում է, կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում էական առաջընթաց ունենք, 2009-2011 թվականների ծրագիրն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի»,-փաստել է Արթուր Բաղդասարյանը` կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքական համագործակցության հետագա խորացումը, ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը, ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ զարգացնել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև` արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակում համագործակցության խորացումը:

«Մենք կարողացանք ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում հիմնադրել դիվանագիտական ակադեմիա, ինչը լուրջ ձեռքբերում է: Գալիք տարի թերևս կունենանք նաև արդարադատության ակադեմիա, և դա հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել իրավապահ ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը: ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների թիմն արդեն երկու լիագումար նիստ է գումարել, տեղի են ունեցել տեսակոնֆերանսներ: Քննարկվել են համաձայնագրի հիմնական նպատակներին, ընդհանուր սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Ատուստամյանը ներկայացրել է արդարադատության, ազատության և անվտանգության հացերին վերաբերող քննարկումների արդյունքները:

Նիստում ամփոփվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի գործողությունների կատարողականը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են բոլոր ուղղություններով կատարված աշխատանքները, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---