Ռուզան Առաքելյանն առաջարկում է արգելել սահմանամերձ հողերի վաճառքն արտասահմանցիներին

Ռուզան Առաքելյանն առաջարկում է արգելել սահմանամերձ հողերի վաճառքն արտասահմանցիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն առաջարկում է խստացնել արտասահմանցիներին Հայաստանի սահմանամերձ հողերի վաճառքի պայմանները: Պատգամավոր Առաքելյանը շարունակում է աշխատել Հայաստանի Հողային օրենսգրքով նախատեսված օրենսդրական փոփոխությունների վրա: Նա առաջարկում է փոփոխություններ կատարել, որոնց համաձայն արտասահմանցիներին կարգելվի Հայաստանի սահմանամերձ գոտիներում գտնվող հողամասեր գնել:

«Այն երկրներում, որտեղից Հայաստանում հողամասեր գնելու նպատակով ժամանում են արտասահմանցիները, սահմանամերձ հողերի վաճառքը հիմնականում արգելված է, օրինակ` Իրանում, Թուրքիայում, մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանն այսօր շատ գրավիչ երկիր է դարձել ոչ միայն եվրոպացիների, այլև իրանցիների, այդ թվում` ադրբեջանական արմատներով իրանցիների համար, որոնք մեծ հաճույքով անշարժ գույք և հող են ձեռք բերում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ մենք չենք պատկերացնում, թե որքան կարևոր է մեր հողերի պաշտպանությունը, և չենք կարգավորել այդ հարցն օրենսդրական մակարդակով»,- ասաց պատգամավորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Այս համատեքստում Ռուզան Առաքելյանը բերեց Պաղեստինի ու Իսրայելի օրինակը, երբ հրեաները հողեր գնեցին Պաղեստինից` նրան կանգնեցնելով տարածքների կորստի փաստի առջև: Պատգամավորը նշեց, որ այսօր անվտանգության և պաշտպանության տեսակետից Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ տարածքները բարձիթողի վիճակում են:

Ինչպես նշեց Առաքելյանը, իր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուղղված են ոչ թե արտասահմանյան ներդրումների դեմ, այլ ավելի շուտ Հայաստանի սահմանամերձ տարածքների պաշտպանության ամրապնդմանը: «Մենք պարտավոր ենք հենց այսօր մտածել մեր անվտանգության մասին: Չի կարելի հողեր նվիրել արտասահմանցիներին: Հողը ժողովրդի, այլ ոչ թե առանձին անձանց սեփականությունն է»,- ասաց Առաքելյանը:

ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանում արգելվում է հողի վաճառքն արտասահմանցի քաղաքացիներին, բայց ոչ` իրավաբանական անձանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---