Բրիտանացի խորհրդարանականները համոզում են իրենց կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրիտանացի խորհրդարանականները համոզում են իրենց կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրեց այն եղեւնին, որը տնկել էր 2002 թ.:

«Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք հիշում ենք 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են և Լորդերի պալատի, և Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական համակուսակցական խմբում: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլեւ մի նշանակալի վայրում, որը խորհրդանշում է այդ ողբերգական իրադարձությունները»,- Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նշեց բարոնուհի Քոքսը:

Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:

«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ինչ է Հայոց Ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել, քանզի շատ-շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»,- հայտարարեց Բարոնուհի Շրիլա Ֆլեդերը: Իսկ տիկին Շիլան առաջիկայում հնարավորություն տեսնում է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ընդունի ու ճանաչի Հայոց Ցեղասպանությունը հարցադրմանը ի պատասխան նա ասաց. «Շարժումը կա, առաջ ենք գնացել: Ես հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա»:

Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծեց, որ ինչպես շատերը Բրիտանիայում, այնպես էլ ինքը տեղյակ չի եղել Հայոց Ցեղասպանությունից եւ այդ իմաստով նա կարեւորեց այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: «Պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեւէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի վերադառնանք Բրիտանիա եւ կարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում»,- ասաց Համայնքների պալատի ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---