10  02.12.12 - Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը...

Հանգստացող պետեր, հիվանդ մասնագետներ, անպատասխան զանգեր. Գանձասարը ոչ ոքի չի՞ հետաքրքրում (վիդեո)

Հանգստացող պետեր, հիվանդ մասնագետներ, անպատասխան զանգեր. Գանձասարը ոչ ոքի չի՞ հետաքրքրում

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ օրն է՝ գրում ենք Գանձասարի եկեղեցու երեսպատման աշխատանքների վերսկսման մասին: Ամեն դեպքում փորձում էինք, մինչև չեկավ երկուշաբթին ու չկանգնեցինք փաստի առաջ. Մենք ունենք լուսանկարներ, ունենք տեսագրություն, որտեղ պարզ երևում է, որ պարսպի երեսպատումը վերսկսվել է, բայց չունենք պաշտոնական մեկնաբանություն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Պատասխանը՝ քանի որ ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն արձակուրդում է. սա մեկ: Երկու. քանի որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյան ու փոխնախարար Գայանե Գրիգորյանը ոչնչից տեղյակ չեն, ավելի շուտ՝ իրավասու չեն խառնվել գործընթացին, քանի որ Գանձասարը գտնվում է վարչության հսկողության տակ: Իսկ հիմա ավելի մանրամասն:

Երբ հրապարակվեցին PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանի ուղարկած տեսանյութն ու լուսանկարները, թվում էր, թե հաջորդ օրը Գանձասարի երեսպատման շուրջ նախորդ տարվա աղմուկը կրկին կբարձրանա ու, ինչու ոչ, անգամ կրկնակի կդառնա: Բայց… ինչպես տեսնում ենք՝ լռությունը շարունակվում է: Ու հենց առաջին հերթին լռում են ԼՂՀ ղեկավարները:

Երկուշաբթի առավոտյան զանգահարեցինք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն: Փոխնախարարն անգամ տեղյակ չէր, որ նման աշխատանքներ են ընթանում: Հորդորեցին զանգել վարչություն: Պետի օգնական ներկայացած երիտասարդն ասաց, որ իր ղեկավարը՝ Սերգեյ Շահվերդյանը, այժմ գտնվում է արձակուրդում, իսկ ինքը որևե տեղեկություն տալ չի կարող: Հարցիս, թե երբ է Շահվերդյանը վերադառնալու արձակուրդից, ասաց, որ մոտ օրերս:

Վարչության պետի համարը ճարվեց. Զանգեցի: Հեռախոսը վերցրեց: Ասացի, որ PanARMENIAN.Net ի թղթակիցն եմ ու ուզում եմ մեկնաբանություն ստանալ Գանձասարի երեսպատման աշխատանքների վերսկսման վերաբերյալ: «Ալո, ալո… ալո»: «Պրն Շահվերդյան, լսո՞ւմ եք»: «Ալո…ալո…»: Տուուուււււ…

Այլևս պրն Շահվերդյանն էլ չպատասխանեց կամ էլ անջատում էր: Այսօր առավոտյան կրկին փորձեցի զանգել: Պատասխանը նույնն էր՝ չկար: Կապվեցի փոխնախարար Գրիգորյանի հետ: Ասաց զանգեմ նախարարին: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ այդ հարցն իրենց «լիազորությունների մեջ չի մտնում, դրանով չեն զբաղվել ու իրավասություն չունեն հարցերիս պատասխանելու»:

«Վարչության պարտականություններն են, ես չեմ կարող որևէ բան ասել»,- հավելեց նախարարը` հորդորելով կրկին զանգել վարչություն:

Կրկին զանգահարեցի.

-Ո՞ւմ հետ եմ խոսում:

-Պետի օգնականի:

Երեկ էլ էինք խոսել. հիշեց: Հարցրեցի՝ նորություն ունեն. ասաց՝ ոչ: Հարցիս, թե ո՞վ է փոխարինում վարչության պետին, ասաց. «Այդ հարցերով չգիտեմ` ով է զբաղվում, ընդունարանի աշխատող եմ»: Բայց խնդրեց, որ սպասեմ: Տվեց պատմամշակութային հուշարձանների պաշտպանության բաժնի համարը: Մտածեցի, որ վերջապես գոնե մի տեղ մեկնաբանություն կստանամ… Ի՞նչ մեկնաբանություն, ինչ բան…«Մեր մասնագետը հիվանդ է, ես իրավասու չեմ պատասխանել»: Հարցիս, թե հնարավոր չէ՞ արդյոք, որ մեկ ուրիշը մեկնաբանի, ստացա «դե չէ, մեր մասնագետը հիվանդ է, դրա համար» պատասխանը: Այս ամենից մեկ հետևություն կարելի է անել. ԼՂՀ ղեկավարությունը թքած ունի Գանձասարի եկեղեցու վրա:

Հ.Գ. Ի դեպ, որևէ տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ խորհուրդ տվեցին դիմել Արցախի թեմ: Արցախի Հայրապետական Թեմի Առաջնորդարանում ինձ փոխանցեցին, որ տեղյակ չեն խնդրից: Գանձասարի հարցով զբաղվում է Պարգև արքեպիոսկոպոս Սրբազանը, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում ու կվերադառնա վաղը: Դե, ինչ արած….վաղը կզանգահարենք:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---