Հայ պատմաբանները հրաժարվում են մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված Ստամբուլում կայանալիք խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Հայ պատմաբանները հարկ չեն համարում մեկնել Թուրքիա` Ստամբուլի համալսարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովին մասնակցելու համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը, նման տիպի հրավերները նորություն չեն հայ գիտնականների համար: «Թուրքական կողմն ամեն կերպ ջանում է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել պատմաբանների քննարկման ոլորտ: Այդ միտումը նոր խթան ստացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայտնի նամակից հետո, որտեղ Էրդողանը առաջարկում էր պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել ճշտելու համար եղել է ցեղասպանության փաստ, թե չի եղել: Մեզ համար այդ փաստը պատմական իրողություն է եւ մասնակցել նման խորհրդաժողովին նշանակում է տուրք տալ թուրքերի տեսակետին եւ այդպիսով կասկածի տակ դնել հայկական կողմի դիրքորոշումը»,-ասել է Սաֆրաստյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Ստամբուլի համալսարանը պետական կարգավիճակ ունի եւ Թուրքիայի ամենապահպանողական բուհն է: Եվ այն, որ հենց այդտեղ է անցկացվում միջազգային խորհրդաժողովը, վկայում է այն մասին, թե որքան է կարեւորում Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցը:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---