Արամ Ա. Եկեղեցի շինելը կարևոր է, բայց եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է 24 սեպտեմբերի 2013 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Գրեթե վեց դար ընդմիջումից հետո այսօր` սեպտեմբերի 24-ին, Մայր Աթոռում մեկնարկեց Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: Այս ժողովին 72 արքեպիսկոպոսից մասնակցում են 62-ը: Վերջին անգամ այն անցկացվել է 15-րդ դարում: Ժողովն անցկացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ, ովքեր էլ իրենց ողջույնի խոսքով բացեցին այն: Եպիսկոպոսաց այս ժողովին կքննարկվեն և որոշումներ կկայացվեն Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի ու այս համատեքստում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: PanARMENIAN.Net ը հավաքել ու առանձնացրել է երկու կաթողիկոսների ելույթի առավել հետաքրքիր հատվածները. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս • պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով… Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև ստեղծված լարված հարաբերությունները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նույնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի հապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի:
• այսօր հաճախ ենք խոսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզվի իմացության նահանջի, հոգևոր և ազգային կյանքում երատասարդության ներգրավվածության նվազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականության քաջալերող իրականությունը, երբ ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները Սփյուռքում այլևս իբրև հարգված ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կյանքը ավելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զավակաց համար:
• առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփյուռս աշխարհի հոգևոր վերազարթոնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքը վերընձյուղվում է, խմորվում Ավետարանի լույսով` ամրորեն խարսխվելով հայրերի հավատքի, սրբազան ավանդության, կրոնական իմացության ու գիտելիքի վրա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս • եօթերորդ դարուն Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոս Վարդավառի տօնին խորապէս կը վրդովի ի տես եկեղեցիէն ներս կատարուող աններդաշնակ ծիսակատարութեան: Այս դառն փորձառութիւնը, Հայրապետը կը մղէ գումարելու Դուինի երկրորդ ժողովը, 648–ին, եւ հաստատելու շարք մը կանոններ հայ եկեղեցւոյ ծիսական, բարոյական ու դաւանաբանական մարզերուն առնչուած: Եթէ այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկինքէն իջնելով շրջէր մեր եկեղեցիներէն ներս, վստահաբար դա°րձեալ պիտի ընդվզէր տեսնելով մեր եկեղեցւոյ պարզած վատառողջ վիճակը...• եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի: Եկեղեցւոյ բարեկարգութիւնը ու վերանորոգումը պէտք է սկսի ծէսով, որովհետեւ եկեղեցւոյ կեանքի բոլոր տարածքներուն, բնագաւառներուն ու արտայայտութիւններուն մէջ, ներառեալ եկեղեցւոյ աստուածաբանական մտածողութիւնը ու դաւանաբանական ուսուցումները, ծէսը կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունի:
• եկեղեցի շինելը բնականաբար կարեւոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ աւելի կարեւոր է: • հարկ է ըլլալ աւանդապահ սակայն ո°չ աւանդամոլ: Անհրաժեշտ է մեր աւանդութիւնները վերանորոգել ու ձեւաւորել այնպիսի կերպով, որ դառնան ներդաշնակ մեր ներկայ իրականութեան: • Ներկայ ժամանակներուն, երբ մեր եկեղեցին ամէնօրեայ յարաբերութեան մէջ է այլ եկեղեցիներու հետ, անհրաժեշտ է որ մեր եկեղեցւոյ ծիսական, աստուածաբանական ու դաւանաբանական մարզերուն առնչուած իւրայատկութիւնները պահենք անխախտ, միաժամանակ ամուր պահելով մեր համաքրիստոնէական արմատները:
• Յաջողութեան ճամբան կը սկսի ինքնաքննադատութեամբ: Մեր վէրքերը ճիշդ տեսնելու եւ ցաւերը ճիշդ զգալու քաջութիւնը պէտք է ունենանք: Սակայն, սիրելի´ Սրբազան հայրեր, միաժամանակ պէտք է ըլլալ իրապաշտ: Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը, ինչպէս նաեւ հինին վերանորոգումը կը կարօտի երկար, տքնաջան ու հետեւողական աշխատանքի: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |