3-րդ գիշերը Բաղրամյանի պողոտայում. Լուսաբացին ցուցարարներին այցելել է ՀՀ ոստիկանապետը

3-րդ գիշերը Բաղրամյանի պողոտայում. Լուսաբացին ցուցարարներին այցելել է ՀՀ ոստիկանապետը

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները երրորդ գիշերն են անցկացրել Բաղրամյանի պողոտայում: Գիշերը խաղաղ է անցել: Իրավապահները ցուցարարների դեմ գործողություններ չեն ձեռնարկել:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիան», ցուցարարները վաղ առավոտյան սեփական ուժերով, ինչպես և նախօրեին, մաքրել են փողոցը կուտակված աղբից և շարունակում են բողոքի ակցիան:

Գիշերը Բաղրամյանի պողոտա էր այցելել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` ստուգելու ոստիկանների աշխատանքը: Ըստ Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի, ոստիկանապետը գոհ է մնացել ոստիկանների աշխատանքից:

«Եկել եմ տեսնելու՝ ինչ է կատարվում, հանկարծ արտառոց բաներ չլինեն»,-ասել է Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ նպատակով է եկել: Նա դրական է գնահատել նաև ցուցարարների կազմակերպվածությունն ու փողոցը մաքուր պահելու ձգտումը.

«Եթե այս հարցերում միակամ լինեք, մյուս հարցերն իրենց ընթացքով կգնան: Եթե ինքներդ ձեզ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն տեսակ սխալ բան, հաստատ իմացեք` ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Մի քիչ ընդդիմացաք սկզբից, բայց հետո հասկացաք, որ ճիշտ է, չէ՞: Եկեք ընդդիմանալուց առաջ մի պահ կանգնեք ու նոր գնացեք առաջ»:

Համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն էլ հայտնել է, որՎլադիմիր Գասպարյանը հավաստիացրել է իրեն՝ ոստիկանությունը որևէ գործողություն չի նախատեսում ցուցարարների դեմ` կոչ անելով չքաղաքականացնել հարցը:

Շուշանյանը նշել է նաև՝ ոստիկանապետը հայտարարել է, որ սատարում է ցուցարարներին:

Հունիսի 24-ին ցուցարարները զգուշացրել էին ոստիկանությանը հնարավոր սադրանքի մասին` նկատելով Բաղրամայնին հարակից փողոցում արմատուրա և մահակներ` լուսանկարելով և լուսանկարները փոխանցելով ոստիկանությանը:

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները հանրահավաքի մասնակիցներին բաժանեցին քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները, որոնք բռնություն են գործադրել ցուցարարների հանդեպ հունիսի 23-ին` խաղաղ ակցիան ցրելու ժամանակ: Հետո լուսանկարները այրեցին ու տրորեցին` պահանջելով, որպեսզի քաղաքացիական հագուստով ոստիկանները անմիջապես լքեն ցուցարարների շարքերը և միանան իրենց կոլեգաներին: «Մենք ամեն ինչ տեսել ենք, մենք ունենք ձեր լուսանկարները: Հեռացեք»,-հայտարարել են նրանք:

Ինչպես հայտնել է Panorama.am-ը, լրագրողների հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է. «Պրովակացիա է արել այդ աղջիկն իրեն հասկանալի լեզվով, տիրապետում էր ռուսերենին, երևի ուկրաինուհի է: Հասկացրեցինք, խնդրեցինք, որ լքի տարածքը: Ակցիայի կազմակերպիչներին հորդորում ենք հերթական պրովակատորին հեռացնել այստեղից: Կարելի է ասել՝ բռնություն կիրառեց մեր աշխատակիցների նկատմամբ»:

Լրագրողի հարցին, թե ինչպես են իմացել, որ նա սադրիչ է, փոխոստիկանապետը պատասխանեց. «Մենք դրա համար ենք գումար ստանում»։

Ինչ վերաբերում է ակցիային, Պողոսյանն ասել է, որ սկզբում, ովքեր ներկայացում էին կազմակերպչական խումբը, պարկեշտ, զարգացած երիտասարդներ էին, նրանց հետ շփումը հաճելի էր. «Իրենք իրենց պահանջն էին ներկայացնում, այսօր ամբողջ հանրությունը եռում է այս հարցի քննարկմամբ: Բայց այս ձևով՝ այլոց իրավունքները ոտնահարելով, նշանակում է արժեզրկում, նսեմացում այդ ներկայացրած պահանջը»:

Փոխոստիկանապետը նշել է նաև, որ ոստիկանությունը ունի հստակ գործառույթներ, միակ գերատեսչությունն է, որ օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու իրավունք ունի, բայց առայժմ գործակցում են ցուցարարների հետ. «Բոլոր պայմանավորվածությունները մենք պահում ենք, բայց հանրահավաքի մասնակիցների զգալի մասը չի պահում: Ընդհանուր վիճակը կառավարելու խնդիր կա, մարդիկ են հայտվել, ովքեր չեն ենթարկվում ընդհանուր սահմանված պայմանավորվածությանը՝ երկկողմանի հարգանք»:

Պողոսյանը նշել է նաև, որ իրենք կարող են ցանկացած պահի գործողություններ կատարել, ուժ և հնարավորություններ ունեն, այնուհետև շարունակել. «Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս:Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---