67  21.03.17 - Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով՝ WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը

Երևանում մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա համաժողովը

Երևանում մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա համաժողովը: Համաժողովի տարածաշրջանային նիստն անցնում է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով:

Համաժողովի կազմակերպիչներն է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ:

Ֆորումի բացմանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանն իր խոսքում ասել է. «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է: Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում՝ post-truth politics, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները և դրանց հետ կապված հույզերը», հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ դա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը: «Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն, այլ առաքելություն է դարձել»,-ասել է նա:

Դիմելով օտարերկրյա գործընկերներին և ներկայացնելով հայաստանյան իրականությունը՝ Արա Սաղաթելյանն ասել է. «Մեր երկրի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առաձնահատկություններ: Մենք գտնվում են առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում»:

Նա հավելել է, որ հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիաժեք կապահովիի տեղեկատվական հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա:

Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով:

Իր ողջույնի խոսքում Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան նշել է, որ Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները:

«Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնևում՝ լինելով ավելի երկար և ինտենսիվ: Շատ ոգևորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցանք ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպվել նաև Երևանում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մեր WCF ընտանիքի անդամ է արդեն 9 տարի, և շատ ուրախ ենք, որ APRA-ի հետ համագործակցությամբ կփորձենք ընդլայնել մեր ընտանիքի սահմանները՝ այնտեղ ներգրավելով Հայաստանում ոլորտի այլ առաջատար փորձագետների և կազմակերպությունների»,- նշել է Դուբեյկովսկայան:

Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են 5 հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի, համայնքային զարգացման խնդիրներին:

Յուրաքանչյուր պանելում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Կազմակերպիչների կարծիքով, ֆորումը Հայաստանի համար կլինի եզակի իրադարձություն, որը կձևավորի հաղորդակցության առանցքային միտումները՝ սահմանելով ոլորտի ապագան և ներկայացնելով հաղորդակցության, կառավարական հարաբերությունների և հանրային հարցերի լավագույն մասնագետներին:

Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը մեկնարկել է 2009 թվականին՝ համաշխարհային հաղորդակցության էլիտայի առաջատար ներկայացուցիչներին և նախաձեռնող անձանց համախմբելու, հաղորդակցության հետագա զարգացման և բիզնեսում, հասարակությունում ու քաղաքականությունում դրա դերի կարևորությունը մատնանշող քննարկումների հարթակ ապահովելու համար և մի կողմից՝ բիզնեսի, ԶԼՄ-ների ու հասարակության, մյուս կողմից՝ պետության միջև փոխգործակցության ձևի և բովանդակության խորքային վերլուծության խթանման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---