Հաշմանդամ ուսանողները հասարակությանն ինտեգրվելու խնդիրներն են քննարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - «Կրթական միջազգային շաբաթի» եւ Հաշմանդամների իրավունքներին նվիրված միամսյակի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատող հաշմանդամները հաշմանդամ ուսանողներին փոխանցեցին իրենց աշխատանքի փորձը: «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Դիալոգ» եւ «Սկարպ» հասարակական կազմակերպություններում ընդգրկված 50 հաշմանդամ ուսանողներ հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամներին առնչվող հիմնահարցեր, մասնավորապես` ինչ է պետք ձեռնարկել հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրվելու գործընթացն առավել դյուրին դարձնելու համար, ինչպես փոխել գործատուների շրջանում արմատացած կարծիքը այն մասին, թե հաշմանդամներն անաշխատունակ են, եւ ապացուցել, որ իրենք էլ հասարակության լիիրավ անդամ են եւ կարող են իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ ցանկացած ընկերության գործունեության մեջ: Հիմնվելով անձնական փորձի վրա` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները հորդորեցին հյուրերին երբեք չվհատվել եւ շարունակել թակել գործատուների դռները, որովհետեւ, նրանց համոզմամբ, անհնարին ոչինչ չի լինում, եթե կա ձգտում, հավատ եւ ինքնավստահություն:



ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այն փոքր թվով ընկերություններից է, որոնք հավատացած են, որ հաշմանդամները բոլոր մարդկանց պես պետք է ունենան աշխատելու եւ կրթություն ստանալու հավասար իրավունքներ եւ հավասար մեկնարկային հնարավորություններ: Ընկերությունն ապացուցեց իր այդ համոզմունքը` աշխատելու հնարավորություն ընձեռելով 33 հաշմանդամների:



«Անկասկած, հաշմանդամներն ունեն որոշակի աջակցության կարիք, բայց ոչ խղճահարության: Այսօր նրանք հպարտ են, որ աշխատում են այսպիսի առաջատար կազմակերպությունում, իրենց քրտինքով վաստակում են գումար` իրենց կարիքները, եւ, ինչու չէ` նաեւ իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար: Դա նրանց դարձնում է անկախ, հարգված եւ ինքնավստահ: Չէ որ իրենք էլ, ինչպես բոլորս, ունեն իրենց երազանքները, ցանկությունները, որոնք ուզում են իրականացնել: Անհրաժեշտ է հաշմանդամներին տալ լիարժեք կյանքով ապրելու եւ հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն», - իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---